▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն ի ցույց է դրել իր մեծապետականությունը

Իմ լավ բարեկամ Ստյոպա Սաֆարյանը ԵԺԿ ամբիոնից հայտարարել է.
«Տարակուսելի է, որ հայտարարության մեջ խոսվում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին, այն դեպքում, երբ Հայաստանը նման որոշում չի կայացրել: Հայտարարությամբ ՀՀ նախագահը Մոսկվայի առջեւ հանձնառություն է ստանձնում երկիրը մերձեցնել Եվրասիական միությանը: Մինչդեռ պետք է հիշեցնեմ, որ 2011թ. փետրվարին, երբ հայաստանյան երեք կուսակցություններ՝ «Ժառանգություն», ՀՀԿ-ը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները այս նույն դահլիճում ստացան ԵԺԿ-ի դիտորդական անդամակցություն, վերջինիս հետ հայտարարություն ստորագրեցինք Հայաստանը Եվրոպային, այլ ոչ թե Եվրասիական միությանը մերձեցնելու կապակցութամբ: Դա է Հայաստանի որոշումը եւ ես Հայաստանից մեր գործընկեր կուսակցությանը հիշեցնում եմ մեր ստանձնած այդ հանձնառության մասին: Անշուշտ, Հայաստանը անվտանգության կենսական խնդիրներով զգայություններ ու այլ առաջնայնություններ ունի, ինչը ենթադրում է ճկունություն Ռուսաստանի ու այլ երկրներ հետ հարաբերություններում, եւ Հայաստանին կարող է տրվել նման հնարավորություն: Սակայն դա չի կարող նշանակել Հայաստանի անդամակցություն Եվրասիական մաքսային միությանը: Ստեղծված իրավիճակում, ինչպիսին էլ լինեն վարագույրից անդին Հայաստանի հանդեպ ռուսական ճնշման գործոնները, Երեւանը կա’մ պետք է ետ կանգնի Հայաստանը Մաքսային միությանը միացնելու Մոսկվայում տված իր խոստումից եւ ստորագրությունից, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ պետք է սահմաններ դնի Եվրասիական միության հետ իր մերձեցման գործում, այնպես որ դա որեւ կերպ չնշանակի անդամակցություն եւ չխոչընդոտի ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը»:
Շատ հարցերում համաձայն լինելով իմ լավ բարեկամի հետ, այնուհանդերձ, ասեմ, որ երբ խոսվում է այն մասին, որ Հայաստանը որոշում չի կայացրել միանալ Եվրասիական միությանը, ապա նույն Հայաստանը որոշում չի կայացրել նաև Եվրոպային մերձենալու հարցում... ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» Հայաստանը չեն, այլ ընդամնեը քաղաքական ուժեր, որոնցից առաջին երկուսը բռնազավթել են իշխանությունը, իսկ երրորդն էլ քաղաքական հստակ ծրագիր և կողմնորոշումներ չունենալով, տապալեց ժողովրդի վերազարթոնքը: Եթե նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք չունի խոսելու Հայաստանի անունից, ապա իրավունք չունեն նաև կուսակցություններից մի քանիսը...
Խնդիրը պետք է տեղափոխվի համաժողովրդական քննարկումների «դաշտ» այն է՝ համաժողովրդական ռեֆերենդումի կազմակերպում, քանզի միայն այդպես կկարողանա Հայաստանը ներկայացնել իր դիրքորոշումները, վճիռները... Ըստ էության, ԵԺԿ-ն կարող է իր հայտարարություններն ու որոշումները կայացնել, դա նրա իրավունքն է, սակայն որևէ մեկն իրավունք չունի խոսելու հայ ժողովրդի անունից: Անգամ նախագահը, եթե ժողովուրդը նրան չի պատվիրակել...
Եվ, ավարտեմ միտքս. հիացած չեմ Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությամբ, մանավանդ որ բազմաթիվ անգամներ Ռուսաստանն ի ցույց է դրել իր մեծապետականությունը, իշխող կեցվածքը, դավաճանական նկրտումները: Դեռ մինչև վերջերս Մեդվեդևն արդեն Բաքվի հետ լուծում էր Ղարաբաղը Ադրբեջանին թողնելու հարցը... Եվրոպան ևս բարոյական նկարագրով չէ, որ ներկայացել է, բազմաթիվ անգամներ խաբել է Հայաստանին, ոտնահարել նրա շահերը, պաշտպանել կեղծ ընտրությունները, սուտ խոստումներ տվել, ապա հետ քաշվել իր խոստումներից: Եվրոպայի աչքի առջև Հայաստանը շրջափակված է, մինչդեռ նույն Եվրոպան լռում է, Ֆրանսիայի նախագահ Այլանդը այլանդակեց Ցեղասպանության մերժումը քրեականացնող հոդվածի ընդունումը... Եվ այլն, և այլն... Նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություն է կատարել վատի ու վատթարագույնի միջև... Բայց վերջնական ընտրությունը ժողովրդինն է...

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more