▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ գիշեր շրջել եմ քաղաքում...չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով. Հայկ Մարության

 

Հունվարի 13-ի երեկոյան սկսված ձյան տեղումների սկսելուն պես Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենասարքավորումների, աղ ու ավազի միջոցով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ տեղումների դադարելուց հետո աշխատանքներ են տարվում երկրորդական փողոցների, բակային տարածքների և մայթերի ձնամաքրման ուղղությամբ: Բավարար գնահատելով ձնամաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին՝ ողջ գիշեր ծավալված գործընթացի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև ձնամաքրման և երթևեկության հետ կապված այն խնդիրներին, որոնք հիմնականում առաջացել են ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով:

«Ես էլ ողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները: Մյասնիկյան պողոտայում ևս անձամբ եմ եղել և հետևել եմ տրանսպորտին: Այն մեքենաները, որոնք ունեին ձմեռային անվադողեր, հանգիստ բարձրանում էին, բնականաբար ամառային անվադողեր ունեցող մեքենաները չէին կարողանում նորմալ երթևեկել: Արդյունքում փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան նույնպես չէր կարողանում նորմալ հասնել տեղ: Ես խնդրում եմ մեր բնակչությանը, հորդորում եմ, գուցեև պահանջում եմ, որովհետև սա նաև պահանջ է. փոխեք ձեր անվադողերը: Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով: Դրա պատճառով եղել են խցանումներ, դրա պատճառով քաղաքի որոշ հատվածներում կանգնել է երթևեկությունը, դրա պատճառով մեր տեխնիկան չի կարողացել աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետ Մարությանը հորդորել է ճանապարհային ոստիկանությանը քայլեր ձեռնարկել համապատասխան ստուգումների իրականացման ուղղությամբ, և միաժամանակ մեկ անգամ ևս կոչ արել ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց: Մայրաքաղաքում շարունակվել է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Քաղաքացիների շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ: Քաղաքապետարանի պատասխանատուներն ընդունել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու դիտարկումները: Եղել են նաև առաջարկներ՝ նոր փոքր շուկաների ձևավորման մասին: Զեկուցվել է, որ բոլոր առաջարկները քննարկվում են, և հնարավորության դեպքում քաղաքապետարանն աջակցություն կցուցաբերի այդ շուկաների ստեղծման գործում: Քանի որ տոն օրերն արդեն ավարտվել են, քաղաքապետը հանձնարարել է հետևողական լինել նաև Հանրապետության հրապակարում բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու հարցում:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ արդեն ավարտվել են Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում հիմնականում իրականացվում են հաղորդուղիների տեղափոխման աշխատանքեր, այս շաբաթ էլ նախատեվում է հայտարարել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի մրցույթը: Քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակում մրցույթն արդեն կայացել է, կնքվել է պայմանագիր, կիրականացվեն նախագծման աշխատանքներ, որից հետո կմեկնարկի շինարարական գործընթացը: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթն ընթացքի մեջ է:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության 29 մանկապարտեզներ ամբողջովին կհիմնանորոգվեն, իսկ 118 մանկապարտեզներում կիրականացվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության միջոցառումներ: Քաղաքապետի հանձնարարությամբ երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով տոնական լույսերը կապամոնտաժվեն գիշերային ժամերին:

Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը կիրականացվի ճանապարհային ոստիկանության հետ համատեղ:

 

Կարդացեք նաև՝ Տեսանյութ, թե ինչպես էին անցած գիշեր Երևանի փողոցներում ձյան պատճառով վթարներ տեղի ունենում

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more