▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ մեկը թող կիրանցեցու անունից չխոսա». կիրանցցիներ

Կիրանցի բնակիչներին լրագրող Անի Գևորգյանը հարց ուղղեց` ճի՞շտ է, որ գյուղապետը լրատվականներին ասել է, թե սահմանազատումը այս պահին սառեցվել է: «Մենք չենք հավատում Կառավարությանը: Եթե 8 կետը դրել են, 3-ը խի են թողել: Հնարավոր է, հիմա կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն: Ոչ մեկը թող կիրանցեցու անունից չխոսա»,- պատասխանեցին գյուղացիներից մի քանիսը:

«Ժողովուրդն արդեն իրենց համար գործիք է»,- հավելեց մեկ այլ գյուղացի:

Մի երիտասարդ կիրանցեցի էլ ասաց. «Թող ոչ ոք չմտածի, թե մենք այստեղ ուրախությամբ թուրքին դիմավորելու ենք: Ուղղակի մինչև հիմա տեղի ունեցածը էլի ոչինչ, թուրքը մեզնից մի քիչ հեռու է: Բայց մեր պայքարը չի վերջացել, մենք թուրքի հետ չենք ապրելու»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

***

«Ասեմ հետևյալն` այսօր սահմանազատումը Կիրանցում չի ավարտվել, և ես իմ այսօրվա խոսքում էլ նշեցի, որ ամենամեծ վտանգն այս կամրջի հատվածում է: Մարդիկ թող հասկանան, կիրանցեցիները չեն ասում` շատ լավ ա, մինչև հիմա ինչ արել են, համապատասխանեցվում է ճիշտ սահմանին»,- լրագրող Անի Գևորգյանի հարցերին պատասխանեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:

Լրագրողը կրկին հարցրեց. «Դուք գնացիք վերև, որտեղ, ըստ ձեզ, 100 հոգի կային, որտեղ մեզ չէին թողնում: Ի՞նչ փոխվեց այդ մի քանի րոպեում, որ ձեր տրամադրությունն էլ փոխվեց: Ո՞վ ձեզ ասաց, որ գործընթացը սառեցվում է»:

Գյուղապետը խուսափեց ուղղակի պատասխանից. «Դե պարզ չի՞, որ սառեցվում է: Ժամանակավոր սառեցվել է: Ես ասել եմ, որ մեծագույն վտանգը դեռ առջևում է: Թաղ իմ խոսքերը կոնտեքստից չկտրեն... Ես ոչ մեկին էլ չեմ վստահում»,- ասաց Կիրանցի վարչական ղեկավարը` հավելելով, որ ավելին կխոսի տեսախցիկներից հեռու:

***

«Համացանցում տարածվող լուրերը նպատակ ունեն խոչընդոտելու համաժողովրդական շարժմանը: Որպեսզի ասեն` տեսեք, մենք գործընթացն ավարտում ենք»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշեց Կիրանց գյուղի բնակիչներից մեկը:

«Եկել հասել ենք մի վիճակի, որ, ինչպես ասում են` Աստված է՛լ բեթարից ազատի»,- իրավիճակը նկարագրեց մեկ այլ գյուղացի:

Նշենք, որ իշխանամետ լրատվականներն այսօր լուրեր տարածեցին, թե Կիրանցի վարչական ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանազատման համար և նշել, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում: Վարչական ղեկավարն այս ամենը համարել էր կոնտեքստից կտրված տեղեկություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more