▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նպատակն է՝ խոչընդոտել ՀՀ ամենապահանջված փաստաբաններից մեկի մասնագիտական գործունեությանը». Մարուքյանն՝ աղմկահարույց ձերբակալության մասին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է Հայաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Հակոբյանը։
Հակոբյանին ճանաչում եմ շատ վաղուց՝ դեռ այն ժամանակներից, երբ նա Վանաձորում աշխատում էր որպես քննիչ, իսկ ես զբաղվում էի փաստաբանական գործունեությամբ։ Եվ կարող եմ վստահ ասել, որ թե՛ քննիչ եղած ժամանակ, թե՛ հետագայում՝ որպես փաստաբան, Հակոբյանը իմ ճանաչած ամենապրոֆեսիոնալ, ամենաանբիծ, մաքուր և պատշաճ աշխատող իրավաբաններից է եղել։
Համոզված եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հակոբյանի նկատմամբ, ունի մեկ նպատակ՝ խոչընդոտել Հայաստանի ամենապահանջված փաստաբաններից մեկի մասնագիտական գործունեությանը և նրան հեռացնել իր պաշտպանության տակ գտնվող գործերից։
Միջազգային պրակտիկայում նման օրինաչափություն կա․ երկիրը բռնատիրական է դառնում նաև այն ժամանակ, երբ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց պաշտպանները նույնպես սկսում են թիրախավորվել և հետապնդվել։
Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ»:

Նշենք, որ  փաստաբան Ռուբեն Հակոբյանին առնվող գործն, ըստ նախնական տեղեկությունների, վերաբերում է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի շրջանակներում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբանն է։

Դիտեք նաև՝

Հաշվի առնելով դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան:

Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more