▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Կռուտիտ» են լինում․․․Որպեսզի չմտնենք անիմաստ վեճերի մեջ, առաջարկում եմ ինքներդ լսեք»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Իրականում շատ, շատ, շատ ծիծաղելի է դիտել, թե ինչպես իշխանամետ քարոզիչները՝ ամենևին չամաչելով, բացահայտորեն «կՌուտիտ» են լինում՝ փորձելով հերքել Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը Թուրքիայի կողմից գործող հայկական իշխանություններին աջակցելու մասին։
Այն դեպքում, երբ փաստացի արտգործնախարարը ընտրություններից առաջ բացահայտ ջանասիրաբար «գովազդ» է անում Հայաստանի գործող իշխանությունների համար։
Եվ որպեսզի չմտնենք անիմաստ վեճերի մեջ այն մարդկանց հետ, որոնց համար երկիրը քառակուսի է, կաթը՝ սև, իսկ թուրքը իբր չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, առաջարկում եմ՝ դուք ինքներդ լսեք, թե ինչ է ասել Թուրքիայի արտգործնախարարը, և ինքներդ էլ կատարեք ձեր եզրակացությունները։ Վայելեք տեսանյութը»։

***

Կարդացեք նաև՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆիդանի աջակցությունը Փաշինյանին․
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները բացահայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական դաշտին։
Նրա խոսքը «Զանգեզուրի միջանցքի», «Միջին միջանցքի» և «Թրամփի ուղու» (TRIPP) շուրջ, ինչպես նաև Հայաստանի առաջիկա ընտրություններին վերաբերող գնահատականները դուրս են գալիս արտաքին քաղաքական չեզոքության սահմաններից։
Ֆիդանը ոչ միայն հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված նախաձեռնությունը, այլև այն բացահայտորեն նույնականացնում է իրենց կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի հետ։
Ավելին, նա փաստում է, որ այդ թեման մանրամասն քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին, և գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։
Սակայն առավել խնդրահարույցը Ֆիդանի հայտարարությունների այն հատվածն է, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թվականի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար է» և արժանանում է աջակցության՝ իր «կառուցողական» քաղաքականության համար։ Սա այլևս ոչ թե արտաքին չեզոք դիտարկում է, այլ հստակ քաղաքական դիրքավորում՝ նախընտրելի սուբյեկտի բացահայտ մատնանշմամբ։
Այս համատեքստում «կառուցողականություն» եզրույթը ունի հստակ բովանդակություն։ Այն չի վերաբերում խաղաղությանը որպես արժեքի, այլ Փաշինյանի կոնկրետ քաղաքական վարքագծի՝ ենթակառուցվածքային և հաղորդակցային նախագծերի այնպիսի ձևաչափով առաջմղմանը, որը լիովին համընկնում է թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի հետ։ Հենց այդ համընկնումն էլ, ըստ էության, պայմանավորում է Անկարայի աջակցությունը։
Հատկանշական է նաև իշխանությունների հավանական արձագանքի երկակի ստանդարտը։
Երբ ռուսաստանյան պրոպագանդիստների հայտարարությունները որակվում են որպես միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը, ձևավորվում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտորեն խոսում է Հայաստանի ընտրություններից, գնահատում գործող իշխանության վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականության անհրաժեշտությունը, այդ միջամտությունը ոչ միայն չի դատապարտվում, այլ կարող է վերածվել ներքաղաքական քարոզչական գործիքի։
Արդյունքում ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն, ըստ որի՝ արտաքին աջակցությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ այն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը։ Ավելին, Ֆիդանի հայտարարությունները կարող են օգտագործվել իշխանության կողմից՝ հասարակությանը ներշնչելու համար, թե իշխանության փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման և պատերազմի վտանգի աճի։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։
Փաշինյանի թիմի կողմից Հայաստանի ինքնիշխանությունն ընկալվում է ընտրովի՝ կախված նրանից, թե որ կենտրոնից է գալիս միջամտությունը և ում է այն ձեռնտու։ Իսկ ընտրությունների շեմին նման արտաքին ազդակների լռությամբ ընդունումը կամ ներքաղաքական նպատակներով շահարկումը ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ թե՛ պետական ինստիտուտների, թե՛ հանրային վստահության համար»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more