▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են ռուս խաղաղապահները լքում Արցախը

Ինչպե՞ս են ռուս խաղաղապահները լքում Արցախը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը, հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ այս մասին հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները:

***

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշումն ընդունել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ գործընթացը սկսվել է, Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները «ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները՝ նախագահների որոշումն իրականացնելու համար»:

Ավելի վաղ Մոսկվան հաստատել էր ռուս խաղաղապահների դուրսբերումը:

* * * 

«Երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանը ճանաչեց դա, բացարձակապես բոլոր հայերը լքեցին տարածաշրջանը։ Այս առումով՝ ռուս խաղաղապահների կարիք այլևս չկա,- Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

«Կարելի է կառչել հայ բնակչության որոշ մասի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հեռանկարից։ Կարելի էր պաշտպանել այն միտքը, որ ռուս խաղաղապահները այնտեղ են, որպեսզի երաշխավորեն հայկական ունեցվածքի, մշակութային պատմական հուշարձանների պահպանումը։ Բայց դա ամբողջովին կախված էր հենց Ադրբեջանի կամքից։

Ըստ ամենայնի, նա պատրաստվում է մարսել այս տարածքը և աստիճանաբար վերացնել հայերի առկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում։ Այս իրավիճակում ռուս խաղաղապահները հակամարտությունների պատճառ կդառնային»,- ասել է Զատուլինը։

Նա հավելել է, որ խաղաղապահները կհայտնվեն երկու կրակի արանքում։ Եթե ​​նրանք սկսեին բողոքել Արցախում Բաքվի գործողությունների դեմ, դա կբարդացներ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Եվ եթե նրանք չբողոքեին, ինչպես 2023-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ, դա Երևանին հիմք կտար մեղադրելու խաղաղապահներին «Ադրբեջանի ուղղակի հանցակից» լինելու մեջ։

«Արդյունքում՝ խաղաղապահների դուրսբերումը «միանգամայն բնական է։ Դրա պատճառով՝՝ ռազմական էսկալացիա չի լինի»,-կարծում է Gazeta.ru-ի զրուցակիցը։

***

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, որում ասվում է․ «Հարգելի՛ Կոնստանտին Ֆեոդորի, Ղարաբաղից ռուսական զորախմբի դուրսբերումը վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները՝ անգամ հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ մարդ է, 2020թ․ ի վեր Ռուսաստանի պահվածքն, ըստ իս, չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին։ Անկախ նրանից՝ ինչով կավարտվի հակամարտությունն Ուկրաինայում, Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ ցույց տալով աշխարհի ժողովուրդներին ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացելով և ոգեշնչելով պանթյուրքական շարժմանը, որը կործանարար է թե՛ մեր, թե՛ Ռուսաստանի համար։ Դոմինոյի առաջին քարն արդեն ընկել է։ Սրտի ցավով եմ գրում ձեզ՝ որպես Հայաստանի հավատարիմ բարեկամի և մեր երկրի իրական հայրենասերի, որը հասկանում է Ղարաբաղում տեղի ունեցածի բոլոր հետևանքները»։

* * *

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանական հետևանքն է։

«Կարծում եմ, որ դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ղեկավարի կողմից Ադրբեջանի կազմում ճանաչելու միանգամայն տրամաբանական հետևանք է»,- ասել է Կարասինը «Ինտերֆաքս»-ին։

«Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բերանով Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ով ասում էր, որ դա Ադրբեջանի տարածքն է, մեր խաղաղապահների ներկայության հարցը լուծվել է Ադրբեջանի ղեկավարության հետ անմիջական շփման ընթացքում։ Եվ որոշվել է նրանց աստիճանաբար դուրս բերել այնտեղից»,- նշել է նա։

***

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, խաղաղապահները կարևոր դերակատարում են ունեցել արյունահեղության կանխարգելման գործում։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն):

«Խաղաղ բնակչությանն օգնել են և՛ տարհանման, և՛ բուժման, և՛ ջրով ու պարենով ապահովման հարցերում։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները վերադառնան տուն»,- ասել է Ժուրավլյովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more