«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Պետք է ենթադրել, որ Փաշինյանի այս որոշումն անակնկալ է եղել հենց Առուշանյանի համար, քանի որ երեկ առավոտյան պատրաստվում էր ասուլիս տալ՝ ամփոփելու իր աշխատանքային գործունեության 1 տարին (նա նշանակվել էր 2024 թ. դեկտեմբերի 19-ին), սակայն մարզպետարանի պաշտոնական կայքէջում պարզապես տեղադրվեց ամփոփիչ տեսանյութ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Առուշանյանի ազատումը կապված է հիմնականում երկու գործոնի հետ: Մեկը վերաբերում է Գյումրու ավագանու ընտրություններին, երբ ՔՊ-ն պարտվեց ընդդիմությանը: Մյուսը կապված է «Յոթ վերք» եկեղեցում Նիկոլ Փաշինյանի քպական կեղծ «պատարագի» բացարձակ ձախողման հետ:
Հատկապես վերջին հանգամանքը Փաշինյանը չի կարողացել մարսել, քանի որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմում նա չի հանդուրժում որևէ «վրիպում», իսկ որ Գյումրիում «պատարագային» շոուն տապալված էր, անկասկած է: Ճիշտ է, մյուս բոլոր տեղերում ևս առանձնապես «գլուխ գովալու» բան չունեն իշխանությունները, բայց Գյումրին Փաշինյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի հասկանում է, որ եթե մի քանի բնակավայրերում դեռ ինչոր հույսեր կարող է փայփայել, այստեղ ինքը բացարձակ վարկանիշ չունի:
***
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացել է՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբերի 16-ին ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին. Առուշանյանը չի արդարացրել ՔՊ-ի հույսերը:
Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (2021թ.):
Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը նախորդ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերին, պատգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։
Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, որը նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։
Նրա օրոք ՔՊ-ի գրասենյակը փակվեց գյումրիում, քանի որ չէր ստացվում կուսակցականներ գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու պաշտոնից։
Դավիթ Առուշանյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք. 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երեւանում, եւ ավտոկայանատեղի, որն Առուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։
Բայցի այս գույքերից Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեքով գնած բնակարան, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 52 հազար 400 դոլար։
Առուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ NISSAN եւ RANGE ROVER մակնիշների։ Տարվա ընթացքում NISSAN մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 մլն դրամով։
Նրա բանկային հաշիվների մնացորդները 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել եւ տարեվերջին կազմել են 1,5 մլն դրամ եւ 500 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, 18 հազար եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով՝ 12 մլն դրամից դառնալով 10 մլն դրամ։
Մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 532 հազար դրամ, որից 10 մլն 300 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 232 հազար դրամը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Առուշանյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազար դրամ։
Վարկերի մարմանը Դավիթ Առուշանյանն ուղղել է 13 հազար դոլար:«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ երեկ՝ առավոտյան, Առուշանյանին կառավարություն են «կանչել»։ Այժմ վերջինս հանդիպումներ է ունենում կառավարության ղեկավարության հետ»։
***
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ազատման գլխավոր պատճառը Գյումրու Յոթ վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարագն է:
Բանն այն է, որ մարդ հավաքագրելու գործը դրված է եղել մարզպետի վրա, այն իրականացրել է Առուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն Յոթ վերքում, սակայն շիրակցիք պատարագը բոյկոտել էին, հաշված մարդիկ էին մասնակցում, հիմնականում Երեւանից եւ այլ համայնքներից թափառաշրջիկների խումբն էր:
Ստացվեց, որ ոչ միայն Շիրակի թեմի հոգեւորականներն ապտակեցին ապօրինի պատարագասերներին, այլեւ՝ ժողովուրդը, եւ իշխանությունն ակնհայտորեն զգացել է իր հանդեպ գյումրեցիների ատելությունը։
Չնայած մարզպետի ազատման մասին պաշտոնապես չեն հայտնել, սակայն երեկ նրան փոխարինողի անունն էր շրջանառվում, չի բացառվում, որ Առուշանյանին փոխարինի Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որն ուրացել է իր քավորին՝ Մանվել Գրիգորյանին, եւ անցել ՔՊ-ի թիմ։


