|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն իհարկե չէր կարող դիմանալ ֆուտզալի հավաքականի՝ Եվրո 2026-ի հաջող ելույթի ֆոնին քարոզչական միավորներ հավաքելու գայթակղությանը:
Եվ հենց Նիկոլ Փաշինյանը որոշեց հավաքել իր միավորները, Հայաստանի հավաքականը դադարեց «միավոր» հավաքելուց՝ դուրս մնաց քառորդ եզրափակչից:
Շատ օգտատերեր են նկատել այս «կապակցվածությունը»: Իհարկե չեմ կարծում, թե Փաշինյանի «չմիջամտության» պայմաններում Հայաստանի հավաքականը աներկբա հաղթելու էր Խորվաթիային: Բայց, խաղի ընթացքը ցույց էր տալիս, որ հավաքականը համենայն դեպս այդ խաղում ուներ հաղթանակի համար պայքարի ներուժ: Ավելին, նկատելի էր, որ առաջին խաղակեսում բաց թողած երեք գոլերը ավելի շուտ մեր թիմի որոշակի լարվածության հետեւանք էին:
Այդ լարվածության պատճառով թիմը բաց թողեց երեք գոլ առաջին խաղակեսում, այսպես ասած՝ «ոչ պարտադիր» գոլեր, եւ չկարողացավ իրացնել իր ավելի լավ գոլային պահերը: Ըստ էության, թիմը պարտվեց առաջին խաղակեսում, պարտվեց լարվածության պատճառով:
Երկրորդում արդեն նկատվում էր խնդրի հաղթահարվածությունը, բայց Խորվաթիայի ամուր հավաքականի համար երեք գոլի տարբերությունը պահպանելը արդեն բարդ խնդիր չէր:
Մինչդեռ, բոլորովին բացառված չէ, որ լարվածության պատճառներից մեկն էլ հենց այն է, որ խաղից առաջ հավաքականը «հաղորդակցվում» է երկրի քաղաքական ղեկավարության հետ:
Ինձ հետաքրքիր է, որեւէ մեկը չի՞ մտածել այդ մասին: Չի՞ մտածել, որ քառորդ եզրափակչի պատասխանատու խաղից առաջ հավաքականի շփումների շրջանակում «երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի» հետ շփումը մեղմ ասած լավագույն տարբերակներից չէ:
Թե՞, եթե խոսքը քարոզչական միավոր վաստակելու մասին է, ապա թիմի «միավորների» հարցը արդեն մղվում է երկրորդ պլան եւ հարցը չի էլ քննարկվում»:
|