▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվի առնելով վարակների սեզոնն` Արսեն Թորոսյանն այցելել է բժշկական կենտրոններ

Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է Հայաստանում առկա իրավիճակը։  

Նախարարի պաշտոնակտարին է ներկայացվել հունվարի 6-ի դրությամբ վիճակագրությունը, ըստ որի՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով  526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։ 

Արսեն Թորոսյանը վերջիններիս հետ շրջայց է կատարել Երևանի մի շարք բժշկական հաստատություններում, մասնավորապես մանկական բաժանմունքներում՝ տեղում ծանոթանալով իրավիճակին և վիճակագրական տվյալներին։  

 

 

 

Թորոսյանն առաջին այցը կատարել է ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ այս պահին առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 9 հիվանդ։ Թորոսյանը նախ ծանոթացել է հիվանդանոցային պայմաններին, ապա այցելել հիվանդներին։ Հիվանդների թվում կան նաև զինծառայողներ։ Նախարարի պաշտոնակատարը զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում և բարի ծառայություն։

Նախարարի պաշտոնակատարը հաջորդ այցը կատարել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրան է միացել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։ Այս բժշկական կենտրոնում առկա է հոսպիտալացված 77 հիվանդ, որոնց գրեթե 95%-ը երեխաներ են։ Վերջիններս շրջել են բժշկական կենտրոնում և ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։

Արսեն Թորոսյանն այցելել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ առկա է սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 112 հիվանդ, այստեղ ևս գրակշիռ մասը՝ 96% երեխաներ են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախարարի տեղակալ Լենա Նանուշանն այցելել է Մուրացան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններ, որտեղ ևս հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։

Այցելության պահին Մուրացան ԲԿ-ում հոսպիտալացված էր սուր շնչառական վարակներով 87 հիվանդ, որոնց ճնշող մեծամասնությունը կրծքի հասակի երեխաներ են։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հոսպիտալացված էր նշված հիվանդությամբ 20 հիվանդ, որոնք հիմնականում ևս երեխաներ են։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ 

Շրջայցերից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջատար մասնագետների և ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արսեն Թորոսյանը հանձնարարարել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգնընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ։ 

Պետք է նշել, որ ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են գրեթե նույն մակարդակի վրա։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more