▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարցվածների մեծամասնությունը Հայաստանը համարում է սպառնալիք». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ են մտածում թուրքերը «խաղաղության դարաշրջանի» մասին կամ մի նոր հարցում

Անցյալ շաբաթ IRI-ի կողմից հրապարակված հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ պետական քարոզչությունից, ճիշտ գնահատելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Թուրքիան և Ադրբեջանը համարում են քաղաքական, անվտանգային և տնտեսական սպառնալիք։

Այսօր ուզում եմ կիսվել ևս մեկ համեմատաբար թարմ հանրային կարծիքի հարցումով, որն անց է կացվել Թուրքիայում վերջերս (2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին)։ Հարցումն իրականացրել է թուրքական Kadir Has համալսարանը՝ իր հետազոտական ամենամյա ծրագրի շրջանակներում։

Քանի որ ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը ջանք է թափում, որպեսզի մեզ՝ հայերիս, համոզի, որ Թուրքիան որևէ սպառնալիք չի ներկայացնում և թուրքերը խաղաղասիրական տրամադրվածություն ունեն, ապա տեսնենք, թե ինչ են այդ մասին մտածում թուրքերը։ Նախ դիտարկենք հարցման այն բաժինը, որն անդրադառնում է Թուրքիայում արտաքին սպառնալիքների ընկալմանը հանրության կողմից (հարցումն ամբողջությամբ տեղադրում եմ մեկնաբանություններում)։

▪️ Այսպես, այն հարցին, թե «թվարկված երկրները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնում են», հարցվածների մեծամասնությունը՝ 60,9 %-ը, Հայաստանը համարում է սպառնալիք։ Այս առումով Հայաստանն «առաջատար է» Թուրքիայի քաղաքացիների ընկալումներում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ այս ցուցանիշը շարունակաբար աճում է (2020թ. 58,9%-ը, իսկ 2019թ.՝ 46,5%-ն էր այդպես կարծում)։

Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը, Կիպրոսը, Իրանը, Ֆրանսիան, Սիրիան, Հունաստանը, ՌԴ-ն և այլն։

▪️ Հայերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին է վկայում հարցման մեկ այլ կետ։ «Կընդունեի՞ք արդյոք հարևանի, ով ազգությամբ հայ է» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,8%-ը, պատասխանել է՝ «ո՛չ»։ Եվ միայն 8,2%-ն է դրական վերաբերվում նման հնարավորությանը։

▪️ Անդրադառնանք նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66,2%-ը, չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը (կողմ է միայն 14,4%-ը)։

Հարցումը ևս մեկ անգամ փաստում է պարզ իրողությունը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում բնակչության շրջանում չկա խաղաղության օրակարգ։ Սակայն եթե մեկնարկած «բարեկամության դարաշրջանից» Թուրքիան որպես պետություն ստանալու է Հվ. Կովկասում այդքան ցանկալի ազդեցության մեծացումը՝ ի դեմս Հայաստանի՝ որպես անկախ քաղաքական գործոնի վերացման և բոլոր կոմունիկացիաների փաստացի վերահսկման, ապա Հայաստանի Հանրապետությունը միայն կորցնելու է՝ լիարժեք վերածվելով Թուրքիայից առկախված բանանային հանրապետության։ Սա, իհարկե, բնավ չի փոխելու թուրքերի վերաբերմունքը Հայաստանի և հայության հանդեպ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more