▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղեք օրինակ, մոտիվացրեք, որ մի բան փոխվի փոփ երգարվեստում․ Մանե Գրիգորյանը՝ «Խազեր» մրցանակաբաշխության մասին

Հաղորդավար, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանն, անդրադառնալով «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում ներառվելու մասին  որոշ երգիչների գրառումներին,  նկատել է թե միայն Հայաստանում է, երբ տաղանդավոր ու ակտիվ են, երգեր եւ ալբոմներ ունեն, բայց առաջադրվելու դեպքում բողոքում են:   

«Ակտիվ չես, երգեր չես ձայնագրում, տեսահոլովակներ չես նկարահանում, նստած սպասում ես՝ երբ տաղանդդ կգնահատվի: Չեն առաջադրում, բողոքում ես:

Հույս ունեմ, որ բոլոր տաղանդավոր երգչուհիներն այս տարի գոնե ակտիվ կլինեն, որ հաջորդ տարի իսկապես ամենահետաքրքիր անվանակարգը կրկին «Տարվա լավագույն երգչուհի»-ն լինի:

Շատ անվանակարգերի հետ համամիտ չեմ, բայց այդ ամենը զարգացնել է պետք, ոչ թե մերժել:

Եղեք օրինակ, մոտիվացրեք, որ մի բան փոխվի փոփ երգարվեստում:

Անորակը գրավել է շոուբիզնեսը, գոնե դուք ձեր որակյալ երգերով մի մերժեք»,- նշել է նա:

«Խազեր» մրցանակաբաշխության անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգի՝ խազերի անունից։ 

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապ հաստատելու բացառիկ և լիցենզավորված հարթակ է, որը ծառայելու է երաժշտական պրոդյուսերների, գործակալների և կայացած արտիստների գործունեության ընդլայնմանը, միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը։
Միավորելով հայկական երաժշտական ոլորտում նշանակալի ազդեցություն ունեցող մարդկանց` ՀԱԵԱ-ն նոր համագործակցություններ է ստեղծում համաշխարհային շուկայում` դառնալով հայկական և միջազգային երաժշտական ոլորտների միջև կամուրջ և ստեղծելով նոր հնարավորություններ և հարթակներ հայ արտիստների համար:
Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ակտիվ աշխատանքներ է տանում Recording Academy-ի (Grammy’s) հետ համագործակցության ուղղությամբ և շուտով կունենա առնվազն երկու քվեարկող ձայն «Գրեմմի» մրցանակաբաշխության շրջանակում: Ակադեմիան խթանում է որակյալ երաժշտության ստեղծումը, տարածումը և հանրահռչակումը, ստեղծում նոր հարթակներ հետաքրքիր ձեռագիր ունեցող սկսնակ արտիստների, երաժիշտների համար:

2025 թվականին Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մեկնարկեց «Խազեր» հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ արտիստները, խմբերը և նախագծերը առաջադրվում են ինչպես սեփական դիմումի համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկությամբ: Դիմումների և քվեարկության արդյունքում ձևավորվում է մեծ ցանկը, որից հետո ՀԱԵԱ խորհրդի անդամների քվեարկությամբ կազմվում է առաջադրված արտիստների ցանկը: Հաղթողները որոշվում են Ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքում:

Նշենք, որ գրառումներին անդրադարձել է նաև Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիան՝ նշելով, որ անվանակարգերը կազմվում են ինչպես արտիստների սեփական դիմումների համաձայն, այնպես էլ երկրպագուների քվեարկության:

«Երկրպագուների 100-ից ավելի ձայներ հավաքելու պարագայում, արտիստները, խմբերն ու նախագծերն ինքնաբերաբար դառնում են մասնակից: Դա խոսում է տվյալ արտիստի ստեղծագործական ակտիվության եւ երկրպագուների համակրանքի մասին: Ակադեմիայի առաքելությունն է ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ կգնահատվեն լավագույն արտիստները՝ միեւնույն ժամանակ ոգեւորելով նրանց ներկայացնել նոր ստեղծագործություններ ու նախագծեր»,- նշված է հայտարարությունում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more