▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք. նախագահը՝ մանկատանը, բարեգործական ճաշարանում, Հովսեփյանների բազմազավակ ընտանիքում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: 

Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում եմ, որ ձեր ամենամեծ հոգսը լինի ինքներդ ձեզ կատարելագործելը: Որ ամեն օր նոր բան սովորեք՝ նոր երգ, նոր ոտանավոր: Որ իրար օգնեք, որովհետև դուք բոլորդ մի մեծ ընտանիք եք: Մենք բոլորս մի մեծ ընտանիք ենք: Նախագահն էլ է ձեր մեծ ընտանիքի մի մասը, քանի որ այդ մեծ ընտանիքը կոչվում է Հայաստան: Ուզում եմ, որ իմանաք, որ ես ձեր մասին շատ եմ մտածում: Ձեր պարտականությունն է լինել առողջ, երջանիկ, խելոք և ուրախ: Մեր հայրենիքում մենք ունենք ձեզնից յուրաքանչյուրի կարիքը: Ձեզնից յուրաքանչյուրը, եթե ինքն իրեն կատարելագործի, կարող է ներդրում բերել, օգնել մեր երկրին»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա այնուհետև դիտել է սաների տոնական ներկայացումը, ապա Ձմեռ պապի հետ երեխաներին անձամբ հանձնել նրանց նվերները: Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել մանկատան տարածքում, եղել է վերականգնողական բաժնում, մարզասրահում, համակարգչային սենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել երեխաներին ուսուցանվող ծրագրերով: Համակարգչային սենյակը համալրվել է ևս մեկ նոր համակարգչով, որը սաները նվեր են ստացել նախագահից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Սարգսյանն այնուհետև այցելել է Մասիս քաղաքում գործող՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության բարեգործական ճաշարան: Հայկական Կարմիր Խաչի նախաձեռնությամբ և Շվեյցարական Կարմիր Խաչի աջակցությամբ 2017 թվականին հիմնադրված ճաշարանում մշտապես սնունդ են ստանում միայնակ տարեցներ և անապահով ընտանիքներ: Ճաշարանի գործունեությանն աջակցում են նաև տեղական ու տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաև տարբեր ընկերություններ և անհատ բարերարներ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ճաշարանի այցելուներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: «Նոր տարին տոն է բոլորի համար. թե՛ նրանց համար, ովքեր հաջողել են և բարեկեցիկ են ապրում, թե՛ նրանց համար, ովքեր այս պահին դժվարություններ ունեն: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ ձեր հացը կիսելու, ձեզ ասելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ այստեղ գտնվող երեխաները մոռացված չեն: Ձեզ բոլորիդ ուզում եմ շնորհավորել գալիք տոների առթիվ: Շնորհավորել, հուսալ ու հավատալ, որ մեր երկիրն ավելի լավ է լինելու, որ բոլոր երեխաները լավ ապագա են ունենալու, և դրա համար բոլորս ձեռք ձեռքի տված պիտի աշխատենք: Երբեք հույսը չկորցնեք: Եկել եմ ձեզ ասելու, որ դժվար օրերից հետո կյանք կա: Հավատացեք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020 թվականը՝ էլ ավելի լավը»,- ասել է նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը և նրա նախագահ Մխիթար Մնացականյանին ՝ բարեգործական ծրագրի իրականացման համար և խոստացել հնարավորինս աջակցել կարիքավոր ընտանիքների երեխաներին: Նախագահի անունից նաև ամանորյա նվերներ են հանձնվել ճաշարանի շահառուներին:

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը Սուրենավան համայնքում էր: Այստեղ նա այցելել է Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին: Ընտանիքն ունի անչափահաս ութը երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ մեկ: Նախագահը ներկա է գտնվել Հովսեփյանների զավակներից ավագի՝ 12-ամյա Միշայի ծննդյան օրվա արարողությանը, շնորհավորել ընտանիքին գալիք տոների կապակցությամբ: Ոչ միայն հոբելյարը, այլև ընտանիքի բոլոր փոքրիկները նվերներ են ստացել նախագահից, ընտանիքին նաև կենցաղային տեխնիկա է հանձնվել:

Կարդացեք նաև՝ Եթե երկրաշարժի ժամանակ այսպիսի ծառայություն ունենայինք, հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին. Արմեն Սարգսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more