▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴՕԿ կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

Վարդան Ղուկասյանի ամերիկյան փաստաբան Հարբիփ Սուլն ահազանգում է.  «Նևադա նահանգում վարչական կալանքի անվան տակ իրականացվում է բացահայտ իրավական կամայականություն և մարդու նկատմամբ նպատակային ճնշում։ Վարդան Ղուկասյանին համակարգված կերպով զրկում են բժշկական օգնությունից՝ նրան թողնելով առողջության համար վտանգավոր պայմաններում։ Բժշկական անգործությունն արդեն իսկ ստեղծել է բարձր ռիսկային իրավիճակ, որը կարող է հանգեցնել ծանր, անդառնալի հետևանքների։

Սա այլևս անփութություն չէ․ սա կանխամտածված անգործություն է, որը իր բնույթով հավասարազոր է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, իսկ իր հետևանքներով՝ խոշտանգման»։

Փաստաբանը պահանջել է անհապաղ ապահովել լիարժեք բժշկական հետազոտություն՝ մասնագիտացված բժիշկների ներգրավմամբ՝ հստակ նախազգուշացնելով, որ յուրաքանչյուր հետագա խախտում ունենալու է իրավական հետևանքներ՝ մինչև միջազգային ատյաններ հասնող գործընթացներով։

Միաժամանակ արձանագրում ենք՝ սա մեկուսացված դեպք չէ։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բազմիցս ահազանգել է ԱՄՆ գլխավոր դատախազությանը՝ փաստերով ներկայացնելով, որ վարչական կալանքի անվան տակ իրականում կիրառվում է պատիժ՝ առանց դատավճռի, առանց արդար դատաքննության և առանց իրավական հիմնավորման։

Ավելին՝ սա արդեն ունի բացահայտ քաղաքական ենթատեքստ։ Հայաստանի Հանրապետությունում մոտակա համապետական ընտրություններին ընդառաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահին անազատության մեջ պահելով՝ կոպտորեն խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը։ Սա ուղղակի միջամտություն է քաղաքական գործընթացներին և ընտրական իրավունքի խեղաթյուրում։

ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է՝ տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ խախտում չէ միայն, այլ համակարգային ճնշում և քաղաքական հաշվեհարդար՝ իրականացվող «իրավական գործընթացի» քողի տակ։

Մենք պահանջում ենք ԱՄՆ իշխանություններից՝ անհապաղ դադարեցնել այս ապօրինությունները, ապահովել Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության պաշտպանությունը, և երաշխավորել լիարժեք, անհետաձգելի բժշկական օգնություն։

Հակառակ դեպքում, Վարդան Ղուկասյանի առողջությանը հասցված ցանկացած վնասի ողջ պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ կառավարությունը։

Այս լռությունը այլևս հանցավոր է, հավելել է  ԴՕԿ Կուսակցության քաղաքական խորհուրդը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more