▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժանություն՝ Հրազդանում․ անհայտ անձինք սպանել են տարբեր թաղամասերում թափառող շներին

Դեկտեմբերի 14-ին Հրազդան քաղաքում հերթական դաժանությունն է տեղի ունեցել։ Ուշ երեկոյան անհայտ անձինք տարբեր թաղամասերում սպանել են փողոցում թափառող մի շարք շների, որոնցից միայն երկուսին է հաջողվել ողջ մնալ։

/filemanager/uploads/2021/12/week-3/Spanvac_shun.jpg

Տվյալ թեմայի շուրջ Asekose.am-ը զրուցել է «Դինգո թիմ»  հասարակական կազմակերպության   համակարգող Գոհար Մանուշակյանի հետ, ով կատարվածից մանրամասներ է պատմել․

«Սա առաջին դեպքը չէ, որ Հրազդանում նման բան է տեղի ունենում։ Մեզ դիմել են քաղաքի բնակիչները, որպեսզի զբաղվենք այս ցավալի հարցով։

Շներից երկուսին է հաջողվել ողջ մնալ։ Նրանցից մեկը համեմատաբար լավ վիճակում է, նա մնացել է տարածքում, բնակիչներն իրենք կխնամեն շան վերքը, իսկ մյուս շունը տեղափոխվել է կլինիկա։ Ինչ վերաբերում է սպանված շների դիակներին, ապա այդ անձինք հասցրել են վերացնել դրանք, բացառությամբ՝ մեկի։ Այդ շանը խնամող բնակիչը կարողացել է փախցնել դիակը, որն արդեն տեղափոխվել է Երևան՝ դիահերձման։ Այդ շունը ձագ էր, մոտավորապես 3,5 ամսական, կրակել են նրա սրտին»,- պատմեց Գոհար Մանուշակյանը։

Այս հարցին՝ արդյո՞ք արդեն հաջողվել է պարզել, թե ովքեր են կատարվածի հեղինակները, Գոհար Մանուշակյանը պատասխանեց․

«Ոստիկանությունը դեռևս ոչինչ չի կարողացել պարզել, քանի որ կրակել են որսորդական հրացանով։ Իսկ քանի որ դրա փամփուշտը կրակելուց հետո մանր բեկորների է վերածվում, և դրա վրա ոչ մի նշան չկա, նույնիսկ գրված չէ, թե ում անունով է այն գրանցված, պարզելն այդքան էլ հեշտ չէ։ Այս երևույթը, սակայն, բավական նման է պատվերի։ Եթե նախորդ անգամ, երբ կրկին նման դեպք էր տեղի ունեցել, տեղեկություն կար, թե ով է կրակողը, ապա այս անգամ տարբեր թաղամասերում է դեպքը տեղի ունեցել, այսինքն՝ մեկը, ով ուղղակի շուն չի սիրում, դուրս չէր գա տարբեր թաղամասեր, շներ փնտրեր և կրակեր։ Սա, կարծում եմ, պատվեր էր՝ արված գլխաքանակի իջեցման համար։ Վերջին վեց ամսվա մեջ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հրազդանում այսպիսի դաժան բան է կատարվում»,- եզրափակեց «Դինգո թիմ»  հասարակական կազմակերպության  համակարգող Գոհար Մանուշակյանը։

 

Հեղինակ՝ Ս․Խաչատրյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more