▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլին Էրեբունիում անչափահաս ցուցարարին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ,  2018թ. ապրիլի 20-ին` «Էրեբունի» թանգարանի մոտակայքում, բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկ ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Պետրոսյանը՝ ծնված 1989թ.:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2018 թվականի մայիսի 31-ին քննիչը որոշում էր կայացրել Ա.Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում և միջնորդություն ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Քրեական գործով հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018թ. հուլիսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Ա. Պետրոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:

Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ Էրեբունիում քաղաքացիական հագուստով անձինք քացիներով ու մահակով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more