Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, եթե նկատել եք, ամեն անգամ երբ քաղաքապետարանը որոշում է ծառահատումներ իրականացնել, անմիջապես սոցցանցերում հայտնվում է իմ՝ նախկինում հնչեցրած տեսակետի վերաբերյալ մի հարցազրույց, որով իբր փորձ են անում կասկածի տակ դնել մասնագիտական ունակություններս։
Առաջարկում եմ բոլորիդ պարզապես համաձայնվել, որ ես այլ դիրքորոշում եմ ունեցել, քանի որ անիմաստ է մասնագիտական դիսկուսի մեջ մտնել խաղադրույքների ոլորտում բազմափորձ տնօրենի, կամ Երևանի պատմության մեջ ծառերի զանգվածային հատումների հեղինակի համբավ ձեռք բերած քաղաքապետի հետ, ով տարին երկու մետրոյի կայարան է կառուցում, ճոպանուղի և չորս տարի անընդմեջ փոսերի խնդրից է խոսում։ Ես ցավեցնում եմ, և հիշյալներն ինձ լռեցնելու համար այս չորս տարվա մեջ բացի նշված հարցազրույցից այլ բան չունեն ասելու։ Հարցազրույցում, ի տարբերություն իրենց գործած հանցանքի, թեկուզ անգամ իմ կողմից հնչեցրած տեսակետի փոփոխությունը, ընդամենն անտեսանելի նշույլ է նրանց գործած ահռելի հետևանքներով հղի «Ծառերի փոխարինման ծրագրի» անվան տակ իրականացվող սպանդի կողքին, քանի որ չկա աշխարհում որևէ մասնագետ, ով գեթ մեկ անգամ չփոխի իր մասնագիտական տեսակետը, եթե նույնիսկ դա այդպես է։
Ինձ թիրախավորող շրջանակներին հորդորում եմ չշեղել թեման իմ երբեմնի տեսակետի տարածմամբ և հատուկ ասուլիսներ հրավիրելով, քանի որ ձեզ հետ վաղուց բնապահպանական մասնագիտական որևէ քննարկում համարում եմ անիմաստ, քանզի ձեզ համար բնապահպանական ոլորտի մասնագետներին տարբեր պատճառներով քննադատելը կրում է ընդամենը մանևրի բնույթ, որի քողի տակ դուք իրականացնում եք մեր կողմից արդեն իսկ բուժված թեղիների մասսայական սպանդ, որը ենթակա չէ քննարկման, քանզի բոլոր բնապահպանական, իրավական նորմերի համաձայն՝ այն համարվում է ծանրագույն հանցանք։ Հատուկ նշում եմ, որ երկու տարի հազարավոր ծառեր հատեցիք ու 2026-ի փետրվարին՝ մեր հորդորներից հետո, ախտորոշող գործիք գնեցիք, թեղիներից էլ անցել եք Մոսկովյանի և Ամիրյանի ՀԱՑԵՆԻՆԵՐԻՆ, ակացիաներին…
Ուստի, ելնելով ձեր բարբարոսական գործողություններից, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, շարունակեք ձեր արշավը, որը 0 արժեք ունի, գերկարևոր է, որ հանգիստ թողեք Երևան քաղաքի առողջ ծառերը, քանի որ մեր քաղաքի ծառերը, ի տարբերություն իմ անձի և տեսակետների, անհամեմատ ավելի կարևոր դերակատարում ունեն բնակչության առողջության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի համար։
Կրկնում եմ այն, ինչ միշտ ասել և ասում եմ. թեղիները Երևանում ունեն խնդիր, ինչի համար մենք 2020-ից սկսեցինք զանգվածային բուժուններ, արգելեցին խորը էտը, բացառելով ծառահատումը, ի տարբերություն ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրենի, ով 2020-ին, Մաշտոցի պուրակում ցույց էր անում և գրառումներով պահանջում էր բուժել չորացած թեղիները։
Պաշտպանեք ձեր երեխաների կյանքը, ամենակարևորը, ինչին ամբողջ կյանքս եմ նվիրել թե որպես մանկաբույժ, թե շրջակա միջավայրի բժիշկ»։
Դիտեք նաև՝
|
«Մենք ունենք մի քանի կեղծարարներ, մեկն ավագանու անդամ տիկին Վարդանյանն է։ Ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, գտել է մի 20-30 մետրանոց հատված, որտեղ ծառեր չկան, ամբողջ տեսանյութն այն անկյան տակ է նկարված, որ Ամիրայն փողոցում որևիցե ծառ չի երևում և բղավում, գոռում-գոչում է, որ Ամիրյանում ամբողջ ծառերը կտրված են»,- ճեպազրույցի ժամանակ այսպես է արձագանքել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանի՝ Ամիրյան փողոցում կատարված ծառահատումների մասին հրապարակմանը։ «Ամիրյան փողոցի բնակիչները շատ գոհ էին, ավելին, այն ծառերը, որոնք մենք համարում էինք, որ դեռևս կարող են մի 5 տարի մնալ, բնակիչները խնդրում էինք դրանք էլ փոխարինել»,- հավելել է Բեգոյանը։ Անդրադառնալով Պռոշյան-Պարոնյան հատվածում կատարված ծառահատումների մասին հրապարակումներին՝ պաշտոնյան նշել է․ «Ունենք մեկ կեղծարար ևս, ով իրեն բլոգեր է անվանում։ Էդ բլոգերը եկել, մտել է մի տարածք, որտեղ հատվել են սեփական տարածքում գտնվող ծառեր։ Նույնիսկ հատելուց առաջ ես այստեղ եմ եղել, սեփականատերը խորհրդատվություն է հարցրել․ հատվել է փտած բարդի, 2 հիվանդ թեղի։ Մինչև պրոֆեսորություն անելը և իրենց ոլորտի գիտնականների տեղ դնելը, պետք է նախ հասկանալ՝ հիվանդանոցին հարող տարածքներում ինչպիսի ծառատեսակները պետք է տնկել»։ Դիտեք նաև՝ |


