▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ։

««Իշխանություն» լրատվականի խմբագրությունը ստացել է անանուն գրություն ռազմարդյունաբերական ընկերության մի ղեկավարից։ Նամակի հեղինակը ներկայացնում է Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած փակ հանդիպման մանրամասներ և բարձրացնում լուրջ մտահոգություններ՝ կապված 2026 թվականի պայմանագրերի ուշացման, շուրջ 150 միլիարդ դրամի հնարավոր սառեցման և ընտրական գործընթացների հետ դրանց առնչության վերաբերյալ։

Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը՝ գրությունը հրապարակում ենք առանց խմբագրական միջամտության։

«Բարև ձեզ: Ես ռազմարդյունաբերական ընկերության ղեկավար եմ և ուզում եմ ձեզ ներկայացնել ՊՆ-ի հետ կապված ոլորտում ստեղծված իրավիճակը։

2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։

Ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։

Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով:

Տնօրեններին այս կերպ փորձում են կախվածության մեջ պահել իշխանությունից, որպեսզի վերջիններս ընտրություններին համոզեն իրենց աշխատակիցներին՝ ընտրել ՔՊ-ին: Այն ընկերությունները, որոնք կներկայացնեն բարձր ցուցանիշներ, նրանց հետ էլ կկնքվեն պայմանագրերը։

Մենք պատրաստ ենք հրապարակել նաև ոլորտի պատասխանատու գերատեսչության պարզաբանումը այս հրապարակման վերաբերյալ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more