ՀՀ գյուղատնտեսությունը վերջին 8 տարիներին 10 տոկոսով անկում է ապրել. ջերմոցային տնտեսությունում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մենք 2018-ի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք»,- ասաց Կարապետյանը և ներկայացրեց կուսակցության 5 քայլերից 4-րդ ծրագիրը։
«Մթերման կայաններ՝ Հայաստանով մեկ, որը կօգնի գյուղացուն իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել՝ տնից հեռու չգնալով։ Հարևան երկրներում հայկական գյուղմթերքի մեծ պահանջարկ կա, սակայն ՀՀ գյուղացին, ապրանք արտադրելով, չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կօգնի, կպահեստավորի մթերքը, հետագայում կամ կարտահանի, կամ ՀՀ շուկաներում կվաճառի»,- ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն մրգին ու բանջարեղենին, այլ նաև մսամթերքին, որը ՀՀ-ն հիմնականում ներկրում է, թեև ունի արտադրելու պոտենցիալ։


