Թարմացված․ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է դեկտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի անվտանգության սենյակում իրեն ամրակցված հաշվեցուցակային Մակարով տեսակի ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա Վահագն Մ-ն, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան: |
***
2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում:
Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն:
Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկան Վ.Մ.-ն 2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:00-ից, ծառայության մեջ է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ժամը 09:20-ի սահմաններում քննչական բաժնում գտնվող պահակակետում, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով կրակելու եղանակով, ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրում` քննչական բաժնի՝ ոստիկանին հատկացված պահակակետում, կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են մեկ հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, մեկ հատ «Մակարով» տեսակի՝ 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ, արյան հետքեր:
Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: