▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն՝ Ազատության հրապարակում

Թարմացված․ Այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն զգուշացրեց` պետք է քայլեր ձեռնարկել Հայաստանն այս վիճակից հանելու համար, որպեսզի վաղն արցախցիների նման, սյունեցիներն էլ բռնի չտեղահանվեն։
«Մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք։ Գոյություն ունի չվերադարձի կետ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ, մեզ բերել է չվերադարձի կետ։ Նա մեզ բերում է այնպիսի կետի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ, նա սա հասկանում է։ Երբ ինքն ասում է` մարդ, որն Արցախը տվեց, որպեսզի ստանան խաղաղություն, չստացավ խաղաղություն, ասում է՝ այդ խաղաղությունը չկա։ Ինչո՞ւ չկա, եղբայր, սկսում եմ կասկածել, որ ինքը գնում ասում է՝ հես ա գնալու եմ հաթաթա տամ հայերին, թե պատերազմ է սկսվելու։ Տպավորություն է, որ ինքը ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք, մնացածն ինչ թողնում եք՝ թողեք»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

Թարմացված․ «Հանդուրժում ենք, որ հասարակ քաղաքացուն 10 հազար դրամի համար բանտ ենք տանում, բայց Նիկոլ Փաշինյանը մաֆիոզ կառույցով պետական բյուջեից հափշտակել է 200 միլիոն դրամ և կարծում է, որ լավ է արել: Դատախազություն էլ եմ դիմել, ասել եմ` եթե սխալ եմ, ինձ դատեք»,- հանրահավաքի բեմից հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Ուրեմն տեղեկացնեմ բոլորիդ, որ ամսի 21-ին այս ընդհանուր շարժման հոգուն համահունչ, 12 քաղաքական ուժեր, ինձ լիազորեցին, որ ես այս փաստը ներկայացնեմ դատախազին: Դատախազին գրությունը տրված է»,- ասաց Հայրիկյանը:

Թարմացված․ «Գիտե՞ք ինչու Նիկոլ Փաշինյանի օրոք նախկին ոչ մի ղեկավար չդատվեց, որովհետև նախադեպ կստեղծվեր: Սա է միակ պատճառը, որ ոչ ոք պատիժ չկրեց: Բա եթե Սերժ Սարգսյանը կամ որևէ մեկը մեղավոր էր, ինչո՞ւ չդատեցիք: Պատճառը միայն արդարության պակասը չէր, այլ իրենք մտածում են, որ հիմա իրենք չդատեն, որ իրենց էլ չդատեն»,- Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Թարմացված․ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, կանգնել իրար կողքի և շատ արագ վերջ տալ ստեղծված իրավիճակին։ «Բոլոր քաղաքական ուժերն իրենց «փեշից քարը» թող թափեն ու հասկանան, որ մենք այսօր հրատապ խնդիր ունենք։ Սա է մեր հիմնական խնդիրը՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլն իր արատավոր քայլերով մեզ չի ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան չարիք, կորուստ պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։

Թարմացված․ «Ժամանակին ասում էին` ԿԳԲ-ի գործակալ, թուրքական գործակալ, ամերիկյան, ռուսական և այլն: Բայց կա մի ահավոր բան` էդ բոլոր վնասակարները միասին սատանայի գործակալներն են: Մեր ճակատագիրն այսօր տնօրինում է սատանան, դրանից ահավոր այսօր որևէ բան լինել չի կարող»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

Թարմացված․ «Հայաստանի ժողովորդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքին վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խլեց մեր զավակին` Արցախը, բայց դա ժամանակավոր է: «Մեզ բաժան-բաժան արեցին, կտոր-կտոր արեցին, մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով: Այսօր ով որ իրեն հայ է համարում, պետք է միանա: Այս իշխանության օրոք միայն մի բան զարգացավ` դավաճանությունը: Ունենք երկու ճանապարհ` կամ վերցնում ենք մուղամն ու երգում մեր տներում, մինչև գան մեր դռները թակեն, կամ միահամուռ ենք դառնում և փոխում ենք մեր ժողովրդի ճակատագիրը: Ոչ ԵՄ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ն մեր փոխարեն չեն կռվելու, վկան` 3 տարի առաջ կատարվածը: Մենք ենք կերտելու մեր սահմանները, ուրիշը մեր վրայով քայլելու է, մենք ենք որոշելու մեր ու մեր սերունդների ճակատագիրը»- ասաց նա:

***

Փաշինյանի հրաժարականի պահանջով` «Միասին» հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքը՝ Ազատության հրապարակում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին