|
Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկությունները։ Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն։ Քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց թիվն օրեցօր աճում է։ Իշխանությունների սանձազերծած հետապնդումները որևէ աղերս չունեն արդարադատության իրականացման և հանցավորության դեմ պայքարի հետ։ Ակնհայտ է, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում իր բուն շարժառիթները։ Նա հետապնդումների մեկնարկի հրահանգը հնչեցրել է նախընտրական հանրային հավաքներից մեկի ժամանակ՝ սպառնալով ունեզրկել ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության ղեկավարին։ Ակնհայտ է, որ այս գործողությունները նպատակ ունեն՝ հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը, ճնշելու հանրային անհամաձայնության ցանկացած դրսևորում և վախի մթնոլորտ ձևավորելու կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին, այդ թվում՝ Հայաստանի ազգային և պետական շահերին առնչվող հարցերում։ Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ անհրաժեշտ է ընդդիմադիր և հասարակական բոլոր ուժերի, ինչպես նաև ամբողջ հասարակության համախմբումը։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը, սահմանադրական կարգը, ժողովրդավարական սկզբունքներն ու քաղաքացիների իրավունքները։ Մենք կոչ ենք անում Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ անհապաղ տալու տեղի ունեցող իրադարձությունների սկզբունքային գնահատականը և հրապարակայնորեն արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների ոտնահարման և իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների վերաբերյալ։ Մենք հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից իրականացվող այս աննախադեպ ռեպրեսիվ արշավը չի կարող կոտրել կամ կանգնեցնել ընդդիմության և Հայաստանի հասարակության արդարության, ազատության, ժողովրդավարության և պետականության պահպանման համար մղվող պայքարը։ Ընդդիմադիր ուժերը շարունակելու են բացառապես օրինական և քաղաքական միջոցներով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ազգային շահերը և հայկական պետականության ապագան»։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն *** ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են։ Տեղեկությունը լրագրողներին փաստաբան Երեմ Սարգսյանն է հայտնել։ Նա հավելել է, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը կքննվի։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտե են տեղափոխել։ Ծառուկյանի ձերբակալության լուրը հաստատել են նաև Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Ծառուկյանի առանձնատանն ու նրան պատկանող ձեռնարկություններում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները։ *** ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Քննչական կոմիտեի տնտեսական վարչությունում: Այստեղ նրա հանդեպ հանրային քրեական հետապնդում է հարուցվելու, ինչից հետո դատարան է ներկայացվելու կալանքի միջնորդություն: Այնտեղ են Ծառուկյանի համախոհները, աջակիցները: *** |
|
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան-խմբ.) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։ Այնուհետև, հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը՝ դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք: Բացի այդ, Գ.Ծ.-ն հանդիսանալով ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել և ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը, այդպիսով քողարկելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք: Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Գ.Ծ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը), հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Առանձնապես խոշոր չափերով խարադախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձանապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ գլխավոր վարչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորատային միջոցները: Գ.Ծ.-ն և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով, հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: *** Ավարտվել է խուզարկությունը Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը, որտեղ նա հանդիպումներ է անցկացնում, հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը; «Այնտեղ գտնվում են նաև կենդանիներ, որոնք, թերևս, ունեն լավագույն պահման պայմանները: Այդ մասին տարբեր հրապարակումներ տարբեր ժամանակներում եղել են, և որքան էլ որ տարօրինակ և սահմռկեցուցիչ է, այդ կենդանիները այս պահին քնեցվել են բնապահպանական տեսչական մարմինների ներկայացուցիչների կողմից և այդ կենդանիներին ևս այս պահին մասնակիցները պատրաստվում են տեղափոխել այլ վայր: Ես իհարկե, ցավում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից սանձազերծված այս գործունեությունները նմանատիպ երանգներ են ձեռք բերում, բայց գնահատականը թողնում եմ մեր հանրությանը: Իսկ Գագիկ Ծառոիկյանի առանձնատան խուզարկություն ավարտվել է,- նշեց Տոնոյանը: *** |
|
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ խուզարկությունները «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում ավարտվել են. կապարակնքվել են նաև Ծաղկաձորում գտնվող «Մուլտի ռեսթ» հյուրանոցային համալիրը, «Մուլտի ռեսթ ռեզորթ» հյուրանոցային համալիրը, «Ռոյալ սքայ» հյուրանոցային համալիրը, Աբովյանի խճուղու վրա գտնվող «Մուլտի գրանտ» հյուրանոցային համալիրը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ կապարակնքվել են «Արարատցեմենտ»-ը, Երևանի «Արարատ» կոնյակի գինու և օղու գործարանը, «Մուլտի սթոուն»-ը, ՀԱՕԿ-ը: «Շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, որոնք գործում են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում, դադարեցրել են իրենց գործունեությունը, 7000 աշխատակիցներ այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի են մատնված, բնականաբար, հասկանալի է` սա ինչպիսի տնտեսական տեռորի էլեմենտներ է իր մեջ պարունակում»,- մանրամասնեց խոսնակը: |
Ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


