ermenihaber-ը գրում է.Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Մուշ քաղաքի Առաքելոց վանքն ու հարակից կառույցներն ավերվում է գանձեր որոնողների կողմից:
Ըստ թուրքական «Bugün» պարբերականի՝ 18-րդ դարի այդ վանական համալիրը հայտնվել է անմխիթար վիճակում: Աղբյուրի բնութագրմամբ` «խլուրդների բույնի» վերածված համալիրի գերեզմանները պղծված են, մարդկային ոսկորները` այսուայն կողմ ցիրուցան:
Այաք գյուղում գտնվող Արաքելոց վանական համալիրի ավերման փաստի առթիվ Թուրքիայի տարբեր բնակավայրերի հայկական համայնքների «Սոցիալական օգնության և մշակութային համերաշխության» միության նախագահ Ազիզ Դաղջըն դիմել է Մուշի նահանգապետարան, ինչից հետո իրավիճակի ստուգման համար ոստիկանական խումբ է ուղարկվել վանական համալիր: Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համալիրի տարածքում մեծ թվով գերեզմանոցներ են քանդվել, փորվել, որոշ զարդանախշ գերեզմանաքարեր էլ անհետացել են:
Դաղջըի վկայությամբ՝ համալիրի ողջ տարածքում գանձեր որոնողների կողմից 3 մետր խորությամբ, 5 մետր լայնքով և 6 մետր երկարությամբ փոս է փորվել, վանքապատկան 23 խոշոր գերեզմանաթմբեր են փորվել:
«Անհայտ է, թե ինչու են տարել վանական համալիրի գերեզմանաքարերը: Դրանք նյութական արժեք չունեն, սակայն հոգևոր նշանակությունը շատ մեծ է: Բացի այդ, փորվել է համալիրի ողջ տարածքը ու թանկարժեք քարերը տարվել են», - ասել է հայկական կազմակերպության նախագահը:
Ազիզ Դաղջըն հայտնել է նաև, որ Առաքելոց վանական համալիրի՝ ավերումից պաշտպանության և վերականգնման խնդրանքով իրենք դիմել են ոչ միայն Մուշի նահանգապետարան, այլև Թուրքիայի ներքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության նախարարություններին: Հիմք ընդունելով ոստիկանների կատարած ուսումնասիրությունների արձանագրությունները՝ Առաքելոց վանական համալիրի ավերման կապակցությամբ բողոք է ներկայացվել Մուշի հանրապետական դատախազություն: