Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարման վերաբերյալ
Վերջին օրերին հանրային դաշտում որոշ «ամենագետներ» հնչեցնում են տարբեր մեկնաբանություններ և քննադատություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի վայրի ընտրության վերաբերյալ։ Ի պատասխան այդ «ամենագետների»՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս ո՛չ նորություն է, ո՛չ բացառություն և ո՛չ էլ եկեղեցական-կանոնական շեղում։ Հայ Եկեղեցու բազմադարյա պատմությունը և նորագույն շրջանի պաշտոնական փաստաթղթերը միանշանակ վկայում են, որ եկեղեցական ժողովների աշխարհագրական վայրը երբեք չի դիտարկվել որպես դրանց իրավաչափության կամ հեղինակության որոշիչ պայման։ Ժողովի կանոնական ուժը պայմանավորված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, ժողովականների օրինական կազմով և Եկեղեցու առջև ծառացած հարցերի ազատ և համակողմանի քննությամբ։
Նորագույն շրջանում այս սկզբունքը հստակ դրսևորվել է հատկապես Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին։ Օրինակ՝ 1956 թ․ մարտի 5–8-ը Կահիրեում գումարված Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես վկայում են պաշտոնական արձանագրությունները, հրավիրվել և անցկացվել է որպես լիարժեք իրավասու եկեղեցական ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս, սակայն առանց որևէ կերպ սահմանափակելու նրա կանոնական կամ հոգևոր նշանակությունը։
Որևէ Եպիսկոպոսաց ժողովի շեշտը պետք է դնել դրա հոգևոր նպատակի և օրակարգում ներառված հարցերը քննարկելու և լավագույն լուծումներ գտնելու վրա, այլ ոչ թե ժողովի գումարման աշխարհագրական վայրի։
Առանձնակի կարևոր է նշել՝ որևէ Եպիսկոպոսաց ժողովի գումարման սկզբունքային մոտեցումը պետք է լինի կազմակերպել ժողովն այնպիսի պայմաններում, որ ապահովվի ժողովականների հոգևոր և ֆիզիկական ազատությունը, ժողովական անկաշկանդ քննարկումը և եկեղեցական պատասխանատվության լիարժեք իրացումը։ Այս մոտեցումը ձևավորել է Հայ Եկեղեցու համակարգային ինքնապաշտպանության այն տրամաբանությունը, որը կիրառելի է նաև մեր օրերում։
Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը հենց այս պատմական և գաղափարական շարունակականության շրջանակում է իրականացվում։ Ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս գումարումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակով, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներով, այդ թվում՝ կալանավորումներով և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգներով, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել էր դեռևս 2025 թ․ դեկտեմբերին։
Այսպիսով՝ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս չի կարող դիտարկվել որպես աննախադեպ կամ խնդրահարույց քայլ։ Այն լիովին կանոնական է և հիմնված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական փորձի, նորագույն պաշտոնական նախադեպերի ու եկեղեցական ինքնիշխանության պահպանման հրամայականի վրա։
Հետևաբար՝ թեմայի շուրջ հնչող այն պնդումները, որոնք փորձում են հարցականի տակ դնել ժողովի օրինականությունն ու նպատակահարմարությունը, չեն համապատասխանում ո՛չ պատմական փաստերին, ո՛չ էլ Հայ Եկեղեցու պաշտոնական ինքնընկալմանը։
Հ․Գ․
Նշենք, որ ինչպես միջնադարում, այնպես և այսօր Սուրբ Էջմիածնից դուրս գումարվել են և՛ Ազգային-եկեղեցական, և՛ եպիսկոպոսական, և՛ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներ։ Օրինակ՝ Աշտիշատի (354), Շահապիվանի (444), Դվինի Ա (506), Դվինի Բ (554), Դվինի Գ (609/10), Կարինի (633), Դվինի Զ (719/20), Մանազկերտի (726), Պարտավի (768), Շիրակավանի (862), Հռոմկլայի (1179), Սսի, Լոռեի և Անիի (ԺԳ դար), Սսի (1243), Սսի (1307), Ադանայի (1316), Երուսաղեմի (1651) Կահիրե (1956), Ստեփանակերտի (2016), Նյու Յորքի (2016) և այլն։


