▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծարելու է լեգենդար ԱՐԱՐԱՏ-73-ին

40 տարի առաջ, 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» կայացավ Երեւանի «Արարատի» եւ Կիեւի «Դինամոյի» պատմական հանդիպումը, որտեղ Երեւանի «Արարատը» 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին» նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են  «Արարատի» անզուգական խաղն ու Լեւոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը:

Այդ հանդիպումից օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» եւ Լենինգրադի «Զենիթի» հանդիպումը, որտեղ «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին, «Արարատը» նվաճեց նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:

Երեւանի «Արարատը դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճում էր ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:

«Հայկական ֆուտբոլի լեգենդը՝ Արարատ-73-ը, 40 տարի անց,  հոկտեմբերի 10-ին. ՄԵԾԱՐՈՒՄ ». այս խորագրով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արարատի» փառահեղ հաղթանակի օրը, հոկտեմբերի 10-ին կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, վետերաններին: ՀՖՖ նախագահի հրավերով Երեւան կժամանի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:  Տարբեր երկրներից Երեւան կժամանեն նաեւ «Արարատ-73»-ի աստղերից Լեւոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նազար Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Արկադի Հարությունյանը եւ ամբողջ թիմը՝ իր հռչակավոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ, կրկին կհավաքվի մեկ հարկի տակ:

Տոնական հանդիսավոր երեկոյին սպասվում են բազմաթիվ անակնկալներ եւ հաճելի պահեր, որոնք ընդմիշտ կմնան մասնակիցների հիշողության մեջ:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին