ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-լրագրողներին ասել է Լավրովը։
ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա Խորհուրդը կարող է որոշում ընդունել այդ երկրի քաղաքացիներին կազմակերպությունում քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքից ժամանակավորապես զրկելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում նրա ձայնի իրավունքը կասեցնելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Բացի այդ, նույն հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված կազմակերպության մյուս մարմինների որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքներին կամ նույնիսկ բացառել նրան կազմակերպությունից։
Նման հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց տվյալ անդամ պետության ձայնը հաշվի առնելու։
***
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության հարցն արդեն իսկ արդիական է։
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի երկրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի։
«Այս պահին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա։ Սակայն Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին միանալու մասին օրենք, ուստի հարցը հրատապ է, պետք է արագ լուծվի»,-մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։


