▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտնվել է նկարիչ Էդուարդ Արծրունյանի տարիներ շարունակ ոչնչացված համարվող որմնանկարը

Գտնվել է նկարիչ Էդուարդ Արծրունյանի տարիներ շարունակ ոչնչացված համարվող որմնանկարը: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լրագրող-արվեստաբան Անահիտ Կորյունը` մանրամասնելով.

«Մեկ շաբաթ առաջ ինձ է զանգահարում գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը` ասելով, որ ծանոթ է եղել Էդուարդ Արծրունյանի հետ և կուզենար իր հուշերով կիսվել ինձ հետ: Բնականաբար, ես սիրով համաձայնեցի: Մեր հանդիպման ժամանակ նա նշեց, որ տարիներ առաջ Էդուարդ Արծրունյանի գլխավորությամբ Իջևանում` Գազպրոմի հանգստյան տանը, որմնանկարն են ստեղծել: Այդ պահին հիշեցի, որ 4 տարի առաջ Արծրունյանի հետ այս թեմայով մենք զրույց ենք ունեցել , որի ժամանակ Վարպետն ասաց, որ իր միակ որմնանկարն այլևս գոյություն չունի, քանի որ որտեղ որ այն տեղակայված էր, շենքը քանդել են: Նա շատ հուզված էր և ես այլևս չանդրադարձա այդ թեմային` հասկանալով, որ շատ ցավոտ է նկարչի համար այդ մասին խոսելը:

Արծրունյանի խոսքերը նույնությամբ փոխանցեցի Հարությունյանին, նա էլ ասաց, թե չգիտեր, որ շենքը քանդել են: Անկեղծ ասած, Հարությունյանի անտեղյակությունը հույսի նշույլներ արթնացրեց իմ մեջ, Կամսարի օգնությամբ իմացանք, որ այսօր նախկին հանգստյան տունը զորամասի է վերածվել: Հենց նույն օրն էլ ուղևորվեցինք Իջևանի Գետահովիտ գյուղ, որտեղ էլ հայտնաբերեցինք անվնաս, հրաշալի վիճակում գտնվող «Հայաստան» որմնանկարը»:

Ինչ վերաբերում է որմնանկարի հետագա ճակատագրին, ապա Անահիտ Կորյունի փոխանցմամբ այն դեռևս անհայտ է, քանի որ  շենքը սեփականաշնորհված է, և չգիտեն, թե սեփականատերն ով է:

Նշենք, որ  նկարիչ Էդուարդ Արծրունյանը ծնվել է 1929 թվականի դեկտմենբերի 28-ին` Գյումրիում: 1944թթ սովորել է հայրենի քաղաքի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, իսկ 1944-46թթ` Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1947-51թթ ուսանել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիային կից գեղարվեստի դպրոցում, 1951-57թթ` ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին