▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չօգնեն՝ կգնամ Հայաստանից.Գործարարը մեկ շաբաթ ժամանակ է տալիս վարչապետին

Օրերս լրատվամիջոցները հաղորդագրություն էին տարածել, համաձայն որի վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի հարավային մարզերի թռչնաֆաբրիկաներից Հայաստան է ներկրվել շուրջ 1,2 մլն չմակնշված հավի ձու:

Ավելի ուշ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հաղորդագրություն տարածեց՝ նշելով. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ձվի խմբաքանակի մի մասը մակնշված չէ: Թվային արտահայտությամբ՝ 900 արկղից մակնշում չի ունեցել 400-ը՝ 144 հազար ձուն: Մակնշմանը ներկայացվող ՀՀ օրենսդրության պահանջների խախտման հիմքով՝ Ծառայությունը ներկրված ապրանքը չի թույլատրել իրացնել ՀՀ տարածքում ՝ մինչև հայտնաբերված խախտման վերացումը և օրենսդրությամբ մակնշման պահանջների ապահովումը՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, Մաքսային Միության 022/2011 տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.1 մասի և ՀՀ կառավարության 2011 թ. 1438-Ն որոշմամբ հաստատված՝ Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների: Ծառայությունը, սակայն, հետագայում պարզել է, որ տնտեսավարողը, չկատարելով օրենսդրության պահանջները, 370 արկղ չմակնշված ձուն հանձնել է իրացման (Նշենք, որ խմբաքանակը ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության, արդյունքում ցուցանիշներում որևէ շեղում չի արձանագրվել):

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կազմել է վարչական իրավավախտման արձանագրություն, տվել կարգադրագիր՝ նշված ապրանքը չիրացնելու և հետ կանչելու վերաբերյալ: Ներմուծող տնտեսավարողը՝ «Հավիցա» ՍՊԸ-ն, կենթարկվի վարչական պատասխանատվության»:

Պարզվում է՝ հավկիթը ՌԴ-ց, իսկ ավելի կոնկրետ Նովոռոսիսկից ներկրել է Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը, ով այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ողջ իրողությունը.

«Ձուն չի կարող անհայտ ծագումով լինել, որովհետև, եթե ինչ-որ մի բան ներմուծվում է, Սննդի անվտանգության պետական ծառայությունը անպայման անալիզների պատասխանը չտա, ոչինչ չի արվում: Տրանսպորտային միջոցը եղել է «ՍՊԱՅԿԱ», որն ունի սառնարաններ, եղել է +15 ջերմաստիճան: Ի դեպ, նման ջերմաստիճանի պայմաններում ձուն մինչև 90 օր ապրում է, իսկ ձվերի վրա սկզբում գրվում էր ՌԴ, իսկ հիմա՝ ՆԹՖ ՌԴ»,-նկատեց գործարարը:

Արմենակ Խաչատրյանի հաղորդմամբ՝ ձու է ներմուծել, որպեսզի շուկայի պակասը լրացնի: Ինչ վերաբերում է վարչական պատասխանատվությանը, ապա գործարարը նշեց, որ երեկ է ժամանել Հայաստան, այդ մասին տեղյակ չէ. «Ներկրել եմ ու շարունակելու եմ ներկրել: Արտադրողը հայ է, աշխատողների 60 տոկոսը՝ նույնպես»,-ասաց գործարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում փակվում է հերթական տեղական արտադրամասը՝ Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան: Արտադրությունը կասեցվել էր, 26 թռչնանոցների դռները՝ կողպվել.

«Այժմ միայն Գնդեվազի թռչնաֆաբրիկան է աշխատում, օրը 30 ձու է արտադրում: Ինչ կար՝ արեցի, էլ չեմ կարող: Ես եղել եմ առաքիչ, հետո նոր գործարան եմ բացել, կողմնակի բիզնես չունեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»,-ասաց նա՝ հավելելով.

«Եթե հիմա, ավելի ճիշտ՝ մինչև երկուշաբթի գործին ընթացք չտվեցին՝ գնալու եմ Հայաստանից: Քաղաքականությամբ չեմ զբաղվելու, դառնալու եմ տնտեսական ընդդիմություն: Էլի եմ ասում՝ առանց կառավարության միջամտության դիմացը փակուղի է: Երեք անգամ հին վարչապետը ընդունել է, մեկ էլ այս նոր էկոնոմիկայի նախարարը՝ Արծվիկ Մինասյանը ընդունեց, բայց այնպիսի տպավորություն է, որ իրենց ձեռքը ոչինչ չկա, գնում՝ փակուղու են հանդիպում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին