▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս տղան նպատակաուղղված փորձում է համոզել բոլորին, որ հանձնվելիք գյուղերն ավերակ են»․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե իշխանության
թեզերը հանրային դաշտում «վերա/հեռարձակողը» շարունակելու է մնալ Դանիել Իոաննիսյանը, էս իշխանությունը դատապարտված է անհաջողության:
Լսում եմ Առաջինի եթերում նրա խոսքն ու բացահայտ անհարգալից, մանիպուլյատիվ վարքը, լսում եմ նրա «բանավեճը» այլ հարթակներում, ասենք՝ Կարպիս Փաշոյանի հետ․․․ ու գալիս եմ մի եզրահանգման․ էս տղան նպատակաուղղված փորձում է համոզել բոլորին, որ հանձնվելիք գյուղերը ավերակ են, որ դրանք հայկական չեն, անդադար հիշում է նախկիններին, անհամաձայններին ու չհամաձայնվելիս բոլորին խառնում է ռուսական գործակալական ցանցին և այլն:
Ուշագրավը, թեպետ, այն է, որ սույն մարդը մեկն է այն «մի քանիսից», որ անդադար ակնարկում է, թե ՌՈՒՍՆԵՐՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Հայաստանից հանձնել 4 գյուղերը, որ սա ռուսական սցենար է և այլն:
Բարի, եթե սա ռուսական սցենար է, ապա ինչու է նուն Դանիել Իոանիսյանը ջանասիրաբար առաջ մղում հենց այդ՝ ռուսական սցենարը: Կրեմլի սրիկայությունների վրա չեմ կասկածում: Բազմիցս ականատեսն ենք եղել, բայց որ իրեն մոլի արևմտամետ հռչակող մարդը ջանասիրաբար առաջ մղեր հենց ռուսական կամ ադրբեջանական թեզը՝ անհասկանալի է:
Իսկ եթե այդպես չէ, ու ես սխալվում եմ, և Դանիելը առաջ է մղում արևմուտքի թեզերը, ապա էս դեպքում ոչ թե Ռուսաստանն է ՀՀ-ից պահանջում 4 «ադրբեջանական գյուղերի վերադարաձը», այլ արևմուտքը: Եվ հիմա Իոանիսյանը համառությամբ արևմուտքի պահանջները վերագրում է Ռուսաստանին՝ զուգահեռ աջակցելով արևմտյան պահանջների իրագործմանը:
Որտե՞ղ է ճշմարտութունը՝ դատեք ինքներդ: Բայց էս իշխանությունը կարծիքի նմանօրինակ լիդերներով ավելի շատ խորացնում ու բարդացնում է իրավիճակը, ոչ թե այն լուծում է:
Ռազմավարական հաղորդակցությունը թե վստահես մեկին, որը կարող է եթերում բացառապես ընդհատել դիմացինին, անհիմն ու մանիպուլյատիվ մոտեցումներով ուղղակի լռեցնել զրուցակցին, վերագրել դիմացինին բաներ, որոնք զրուցակիցը չի ասել, բառացիորեն ապացուցել, որ այն ինչ քոնն է, իրականում թշնամունդ է, անընդհատ դաշտ բերել Բաքվի քարոզչական թեզերն ու դրանցով վախեցնել լսարանին, ամեն կերպ պնդել, որ բանակը թույլէ ու դիմադրել չի կարող՝ պռավալ է լինելու:
Նիկոլ Փաշինյանը (համաձայնեք, թե՝ ոչ) ունի կոմպլեքս Ալիևի հետ շփումներում: Փաշինյանը սեփական վախերը, պատերազմի ու պարտության սարսափը պրшեկտում է ամբողջ հասարակության վրա: Ալիևը այդ վախը փոխանցում է իրեն, ինքն էլ գոնե թե իր ներսում այդ վախը չեզոքացնի՝ այն ընդհակառակը, բազմապատկում ու տարածում է բոլորիս վրա:
Ասում է՝ տանք, որ կարողանանք լեգիտիմ լինենք, գուցե չհասկանալով, որ տալով լեգիտիմ չես դառնալու, եթե դիմացինդ ամբողջ կյանքը ոչ լեգիտիմ ներքին ու արտаքին քաղաքականություն վարած բռնապետ է: Ալիևն ինքնին ՈՉ ԼԵԳԻՏԻՄ Է, ու երբ նրա հետ խոսում է լեգիտիմության լեզվով, ինքը դա ընդունում է իբրև սպառնալիք:
ՈՒ հերքի եղավ անդադար պնդել, թե եթե մենք դեռևս չպարզաբանված ու ոչ ամբողջական հիմք ունեցող ինչ-որ քարտեզներով Բաքոին փոխանցենք ցանկալին՝ վերջիններս այլևս օրինական իրավունք չեն ունենալ հարձակվել Հայաստանի վրա: Սա ինքնին անթույլատրելի է: Մենք մեր հայտարարություններով ենք փաստորեն ապացացում, որ Ադրբեջանը հիմա էլ լեգիտիմ հիմք ունի հարձակվել ՀՀ վրա ու, եթե հիմա հարձակվի՝ ապա ճիշտ էլ կանի, քանի որ ունի օրինական հիմք, որի հետ մենք համաձայն ենք: Էս ի՞նչ հիմարություն է, ինքնուրույն հակառակորդի համար հիմք ստեղծել՝ արդարացնելու հավանական ագրեսիան:
2022 թվականի սեպտեմբերյան պատերազմական գործողությունների ժամանակ Ալիևը էդ հիմքը հորինեց ու իրենց քարտեզները չէր, որ հուզում էր: Ալիևի «ԼԵԳԻՏԻՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ» հանրայնացմամբ է զբաղված Դանիելը Հանրայինի եթերում: Իշխանությունը գնում է հեշտ ճանապարհով: Բարդը՝ բարդ է, չի ուզում: Ավելի հեշտ է զիջել՝ հույս ունենալով, որ կստացվի, քան ջանալ՝ վստահ չլինելով, որ կստացվի: Մի դեպքում ոչինչ չես անում՝ անհույս, մյուս դեպքում անում ես ահագին բան՝ էլի անհույս: Է, էդ դեպքում ավելի լավ է ճանելով անհույս լինել, քան անելով: Սա տրամաբանությո՞ւն է:
Բայց անելիս շանսերդ մեծանում են, մինչդեռ չանելիս՝ շանսերդ գնալով նվազում են: Գրածիս մեջ «վայհայրենասիրություն» չկա: Ասել կուզեմ՝ մարդկանց վրա ձեր վախերը մի տարածեք: Վախենում եք՝ հեռացեք: Երկու վախը, վերջապես․․․ գիտեք։
Մեզ պետք չի համոզել, որ էդ ճանապարհով բոլորս պիտի գնանք՝ մեռնենք: Հայաստանը «ընգերովի մահվան» մասին չէ:
Եվ վերջում: Վստահ եմ՝ շատերը նկատել են, որ առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունեմ ռուսական քաղաքականության նկատմամբ: Էդ երկրի «մշակույթը» տանել չեմ կարողանում ու Հայաստանն էլ դրա հետ կապ ունենալ չի կարող: Սակայն երբ ինչ-որ մեկն արտահայտում է իշխանությանը համար տհաճ ու քաղաքականությանը հակասող կարծիք կամ մոտեցում՝ իշխանության ներկայացուցիչները վերջինիս վերածում են ԿԳԲ-ի ագենտի, գործակալի, շպիոնի, շարասյան ստրուկի, ռսահպատակի և այլն:
Սա մարդուն միանգամից շարքից հանելու համար հեշտ ճանապարհ է, որովհետև հայաստանյան հասարակությունը ունի արադարցի ցասում Կրեմլի նկատմամբ: ՈՒ հանրային այս տրամադրությունն էլ մանիպուլացնելով, ուղղորդելով՝ շարքից տեղում «ռսաստրուկի» պիտակով հանվում են նրանք, որոնք պիտի դադարեն լսելի լինել հասարակության համար:
Վատ եք անում, պարոնայք: Սխալ եք անում, պարոնայք: Իշխանությունը ոչ թե պառակտիչ, այլ միաբանող քաղաքականությամբ պիտի առաջնորդվի: Ձեր սեփական վախերն ու ցանկությունները մի դարձրեք Ճշմարտություն: Մարդկանց պատեհ-անպատեհ գործակալ մի հռչակեք: Իսկ եթե հռչակում եք՝ ապացուցեք ու դատեք:
Իսկ այն, ինչ ապացուցավծ չէ կամ անապացուցելի է՝ սովորական բանսարկություն է:
Մարդու անմեղության կանխավարկածի մասին սիրում է խոսել ինքը՝ Փաշինյանը: Ասում եք, որ կան դավաճաններ՝ գտեք ու դատեք: Իսկ եթե չեք գտնում ու չեք դատում, ուրեմն էդ դավաճանները ձեզ պետք են:
Երկար գրեցի, էլ բան չասեմ»:

* * *

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլական ռազմական դպրոցի ստրատեգներից Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե պաշտպանական գծերը 20-րդ դարի հնություններ են ու Տավուշի պաշտպանական գծի մասին խոսողները բան չեն հասկանում 21-րդ դարից։
Ուկրաինական թատերաբեմում և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները կառուցում և կռվում են միայն ու միայն ըստ պաշտպանական գծերի։ 44-օրյայի ընթացքում, որտեղ մենք կառուցել ենք պաշտպանական գծեր, այդտեղ թշնամին կամ ընդհանրապես առաջ չի եկել, կամ մի կերպ մետրեր էր կարողացել հաղթահարել։ Իսկ որտեղ կռվել ենք առանց պաշտպանական գծի՝ օրինակ Հադրութում, ուղղակի ենթարկվել ենք կոտորածի։
Դանիել Իոաննիսյանը որպես իր պնդման օրինակ բերում է 2022-ի «ջերմուկյան» հարձակումը, երբ թշնամին մեկ հարվածով գրավեց 53 դիրք, և այս ամենը համեմատում է Տավուշի հետ, թե իբր այստեղ էլ է նույն բանը կատարվելու։
Ես ինքս Տավուշում եմ ծառայել, և կարող եմ պնդել՝ այն ինչ կատարվեց Վարդենիսից մինչև Ներքին Հանդ, չի կարող կատարվել Տավուշում։ Ի տարբերություն «նորակառույց նիկոլական» դիրքերի, որտեղ թշնամին առանց դիմադրության օղակեց ու գնդակահարեց հարյուրավոր հայորդիների, Տավուշի մեր դիրքերը այնպես են կառուցված, որ եթե թշնամին փորձի օղակել մեկ դիրք, ապա հարևան դիրքերի կողմից ընկնելու է խաչաձև կրակի տակ։
«21 դար» բառը անընդհատ մանտրաի պես կրկնող Իոաննիսյանը մոռացության է տալիս, որ 3 տարի առաջ իրենց թիմը մեր բանակի կառավարման մոդելը ՆԱՏՕ-ի ստանդարտից հետ տարավ սովետականի ու հպարտ հայտարարեց՝ թե ճիշտը խորը սովետականն է։
Մենք թույլ ենք, որովհետև բանակով զբաղվողները իոաննիսյաններն, պապիկյաններն ու փաշինյաններն են։
Հ.Գ Մինչ այդմ Թումանյան փողոցում շարունակվում էր ծառերի գենոցիդը»։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մարդիկ կենտրոնացել են Տավուշի վրա, բայց Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը։

Մեր թշնամուն պետք է, որ շեղվենք հիմնական ուղղություններից, որպեսզի ինքը կարողանա գլխավոր հարվածը հասցնել Հայաստանի կենտրոնական հատվածին՝

- Երասխի մոտով անցնող միջպետական ճանապարհին,
- Ջերմուկին,
- Վարդենիսին։

Հայաստանի զինված ուժերը պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել նաև Ճամբարակի ուղղությանը' հատկապես Ջիլ գյուղից մինչև Ծապաթաղ»։

* * *

Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի, «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է, սովետական տարիներին այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել:

Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից, որովհետեւ ուժ չունեինք պահելու: Այս տարիների ընթացքում մսխել էինք մեր ռեսուրսները: Ադրբեջանցին 26 տարի զինվում էր, մենք կենացներ էինք խմում»,- նշեց պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին