▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում լկտի պահվածք դրսևորած ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են. Սարսափազդու տեսանյութ

ՔԿ-ն հայտնում է, որ 2023թ․ դեկտեմբերի 9-ին` ժամը 00:23-ին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։
Մասնավորապես, վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:
2023թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը՝ ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողների կողմից վերջիններս հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել, վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված անձանց ձերբակալելու մասին։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են դեպքերին ականատես վկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանությանը: Նախաքննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կատարվածի հանգամանքները լիովին պարզելու նպատակով։
Միաժամանակ, ձերբակալված Յ․Մ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ․դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին:
Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենագրքի 194-րդ հոդվածի 1-ի մասի (հոգեկան ներգործությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) հատկանիշներով:

Երեկ գիշերը Երևանում խայտառակ դեպք է տեղի ունեցել, այս մասին ահազանգել է նաև լրագրող Գոհար Հայրապետյանը:

«Ոչ ադեկվատ վիճակում գտնվող (հավանաբար, թմրանյութերի ազդեցության տակ) երկու ՌԴ քաղաքացի շրջել են քաղաքով, հայհոյել մարդկանց, վիրավորել, ծեր տատիկի առաջարկել ծեծել՝ ինչպես Սիդորովի այծին  (давай отпи…дим бабулю), ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել, ասելով՝ Ռամզան Կադիրովի գերեզմանին են դնելու, մրգերը շպրտել հյութեր քամող աղջկա դեմքին...
Մի խոսքով՝ խայտառակ են իրենց պահել:

Բոլոր վիդեոները չեմ տեղադրում, որովհետև ամբողջությամբ հայհոյանք են պարունակում և անպարկեշտ պահեր: Ընտրել եմ «ամենաանմեղները»: Այս ամենը նկարել են հենց իրենք: Չգիտեմ` ինչպես է տարածվել, հավանաբար, իրենց սոցցանցերում են դրել»,- իրավիճակը ներկայացրել է Հայրապետյանը:

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ գույքի վնասման ու խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 օտարերկրացի է ձերբակալվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին