▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրություններ-2026. Տեղեկություններ և տեսանյութեր տեղամասերից. Ինֆորմացիան թարմացվում է

Ընտրություններ-2026. Տեղեկություններ և տեսանյութեր տեղամասերից. Ինֆորմացիան թարմացվում է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

2․503․976 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1․476․597 ընտրող, կամ ընտրողների 58․97 տոկոսը։

Նշանակում է՝
-4 տոկոս շեմը հաղթահարելու համար որևէ կուսակցություն պետք է ստանա առնվազն 59․063 ձայն,
-8 տոկոս շեմը հաղթահարելու համար որևէ դաշինք պետք է ստանա առնվազն 118․127 ձայն,
-Ազգային ժողովում մեծամասնություն ձևավորելու համար որևէ կուսակցություն կամ դաշինք պետք է ստանա առնվազն 739․000 ձայն։

***

20:00-ի դրությամբ, ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1,476,597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58.97 %-ը։

2017 - 1,574,948 (60.85%)

2018 - 1,260,842 (48.62%)

2021 - 1,281,172 (49.41%)

Եթե ժամը 20:00-ին քվեասենյակում եք, մնացեք անպայման ու քվեարկեք, ոչ ոք իրավունք չունի հեռացնել ձեզ: Մենք հաղթում ենք այս ընտրությունները: Անպայման գնացեք ընտրության։

Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

***

Իրավաբան Տաթևիկ Սողոյանը ևս տեղեկացնում է․ «Քանի որ քիչ է մնացել ընտրություններին և տեսնում եմ, որ շատ ընտրատեղամասերի մոտ հերթեր են, հարկ եմ համարում նշել.

20:00 դրությամբ, եթե դուք տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել և չթողնել քվեարկության:

20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար: Ներկաները մնում են այնքան մինչև քվեարկեն և դուրս գան: Անգամ եթե դա տևի ևս 30-40 րոպե»։

***

Վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալված անձինք կան։

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ձերբակալել էին նաև Գյումրիում իրենց շտաբի պետերից մեկին։

«Բերել են Երևան ԱԱԾ, հետո տարել են Քննչական, այնտեղ ասել են, որ «ստեղ չպտի բերեիք», տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ էլ մի քիչ պահել են, հարցաքննել, ասել են՝ «շփոթել ենք, սխալ մարդ ենք բերել, կներես, ցտեսություն»»,- պատմեց Սաղաթելյանը։

Դիտեք նաև՝

Կոչ ենք անում՝ գնացեք ընտրատեղամաս. Մանուկ Սուքիասյանի ճեպազրույցը

Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն կատարեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ՔԿՀ աշխատակիցները թույլ չտվեցին հարցեր տալ Աշոտյանին։ Հիշեցնենք, որ Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է։

***

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու նշել, որ ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: «Գնացե՛ք ընտրության:
ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։
Մանրամասն` տեսանյութում:

«Հրապարակ»-ը հրապարակել է տեսանյութ և գրել, որ Շենգավիթի ընտրատեղամասում ՔՊ-ականը մտել է քվեախուց և ուղղորդում է տարեց կնոջը:

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շտապ Լիճք գյուղում դաժան ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայր Լևոնը` ՔՊ-ականների կողմից:
ԼԻՃՔԻ ՔՊ-ԱԿԱՆ գյուղապետն Սիրեկանն է կազմակերպել ծեծը, իսկ միջադեպը ծագել է Լեւոնի կողմից հանձնաժողովականներին նկատողություն անելուց հետո:

Ինքը վստահված անձ է ընդդիմադիր ուժի կողմից:
Լևոնի հետ հաշվեհարդար են տեսել գյուղամեջում` գյուղապետ Սիրականյանի հրահանգով:
Ինձ հայտնեցին, որ ծեծի ենթարկված Լևոնին տեղափոխել են հիվանդանոց:
Ավելի ուշ մանրամասներ կհայտնեմ»:

***

Արման Աբովյանի ճեպազրույցը․

«Շատ եմ կարևորում առաջիկա ժամերը՝ ժողովրդին կոչ անելով մասնակցել ընտրություններին: Ինչքան շատ լինի մասնակցությունը, այնքան դժվար է լինելու գործող իշխանության համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա ասաց, որ քվեարկել է հանուն ապագա ազգային իշխանությունների, ապագա հզոր Հայաստանի:

***

Իրավապահները շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» Գյումրու գրասենյակը, փաստաբանին ներս չեն թողնում, այս մասին հայտնում է 5-րդ ալիքը։ ««Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակից ահազանգ ենք ստացել, որ Գյումրի քաղաքի Նորավան կոչվող թաղամասում գտնվող իրենց գրասենյակը ոստիկանները շրջափակել են և գործողություններ են կատարել։ Ժամանել ենք, դուռը փակ է և տեղեկություններ չունենք՝ մարդիկ կա՞ն ներսում և ի՞նչ գործողություններ են կատարվում»,- լրագրողներին հայտնել է փաստաբանը։ Կան ձերբակալվածներ

***

Աննա Գրիգորյանն ահազանգում է, որ իրեն հենց 17 համարի («Հայաստան» դաշինքի) քվեաթերթիկը չէին տվել։

Քվեարկությունից վերադարձող «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Աննա Գրիգորյանն ու Քրիստինե Վարդանյանը հորդորում եմ ընտրողներին ուշադիր լինել և վերցնել բոլոր 18 քվեաթերթիկները։

«Ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, բովանդակությունը, պառլամենտարիզմն այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան»,- քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չի կապված, կապված է ՀՀ-ում ցնցումներից զերծ հանգիստ, հանդրատ, նորմալ կյանքի վերադարձ։ Բարձր մասնակցությունը, որն այս պահին արձանագրում ենք, նշանակում է, որ քարոզարշավով հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսօր ժողովուրդը որոշելու է՝ ինչպիսի խորհրդարան ենք ունենալու և այդ խորհրդարանն ինչպիսի կառավարություն է ձևավորելու և ՀՀ-ն մարտահրավերներն ինչպես է դիմակայելու»,- հավելել է ԼՀԿ առաջնորդը։

***

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ ՔՊ-ն ներկայացնող վստահված անձիք 7/2-ում գտնվում էին քվեախցիկների անմիջական հարևանությամբ: Նրա խոսքով՝ իրենց պահանջից հետո հեռացել են:

«Ռեժիմը խուճապի մեջ է։ Եթե դու ընտրություններին, քվեարկության օրը զբաղված ես ընդդիմախոսների բանտարկություններով, խուզարկություններով, ձերբակալություններով, ընդ որում դա զանգվածային բնույթ է կրում, խուճապը էլ ո՞նց է լինում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

***

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համատարած ընտրակարգի խախտումներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում ժող բասծիոնի իշխող կուսակցության կողմից և դրանցից ամենավտանգավորներն են այս երեքը.
1. քվեարկողների հետ քվեախցում ՔՊ-ականների գտնվելը
2. ընտրությունը վերահսկելը՝ քվեախցում ընտրությունը տեսանկարահանելը ընտրողի կողմից, որն ունի կոնկրետ նպատակ և հասցեատեր
3. գյուղապետերի կողմից գյուղերի բնակիչների ուղղորդումը
Այս խախտումները ուղիղ ազդեցություն ունեն ընտրության արդյունքների վրա»:

***

Բագրատ սրբազանին շատ ջերմ են դիմավորել Իջևանում Գրեթե մեկ տարվա բացակայությունից հետո, արքեպիսկոպոսը կարոտած հասավ հայրենի Տավուշ։ Սրբազանը եկել է քվեարկելու ՀՀ ԱԺ ընտրություններին։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց: Հարցին՝ ի՞նչ Հայաստանի, ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվարկել, նա պատասխանել է՝ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ:

Նա նշել է, որ ընդդիմության շանսերը բարձր է գնահատում:

«Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են:

Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ  հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,-նշել է նա

«Շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, արդարություն հաստատելու, քայլ անելու և բաց ես թողնում այդ հնարավորությունը, հետո չի լինում վերականգնել։ Դա բաց թողնված հնարավորություն է»,- այսօր քվերակելուց հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը։ «Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար»,- նշել է Թաթոյանը։

***

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը գրում է. «Հանցագործության մասին հաղորդում.
Քաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ ներքին գործերի նախարարություն»:

 

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահազանգ․․․
Քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանը քվեարկության օրը չի հրաժարվել կուսակցական քարոզչությունից՝ ընտրատեղամաս ներկայանալով ՔՊ-ի նարնջագույն կրծքանշանով։
Եթե նույն քայլը կատարեր ընդդիմության որևէ ներկայացուցիչ, իշխանությունը և իրավապահ համակարգը, հավանաբար, անհապաղ արձագանքելու էին՝ հնարավոր բոլոր հետևանքներով…»։

Դիտեք նաև՝ 

Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Բայց ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը և արեցին ճիշտ ընտրություն, քվեարկությանը մասնակցելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության գրանցումը չեղյալ համարելու վերաբերյալ դիմումին։

«Այսօր խոսքն ասում է ժողովուրդը, ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի»,-ասաց Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը ի՞նչ սցենարի է պատրաստ Փաշինյանի հնարավոր հաղթանակի դեպքում։

Նա ասաց, թե ուրախ կլիներ, որ ցնցումներ չլինեին.

«Որովհետև ամեն մի ցնցում մեր երկրի զարգացումը հետ է գցում»,-ասաց Սամվել Կարապետյանը։

Ժամը 10:40-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 187 հազար 917 քաղաքացի

***

«Ընտրակեղծիքները 2 տարբերակով են իրականացվում․ մեկը, օրինակ, որ առավոտից սկսել են ձերբակալությունները, խոչընդոտելը շտաբի պատասխանատուներին, կամավորներին, տարբեր հարացաքննություններ, մյուսը՝ կան բաց քվերակություններ և այլն, որոնք պրոբլեմատիկ են»,- այսօր քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Բացի այդ, մենք մտահոգություն, նաև որոշակի տեղեկություն ունենք, որ տարբեր մարզերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատողները փորձ են անելու մեկից ավելի տեղերում քվեարկել»,- հավելել է Սաղաթելյանը։

***

Իվետա Տոնոյանը ներկայացնում է ընտրական արձանագրումները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում՝ ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ոստիկանությունը ցուցաբերում են անգործություն այս ահազանգի վերաբերյալ՝ նշելով, որ դեռևս չեն կարող վերահսկել իրավիճակը։

Իրավասու մարմիններին կոչ ենք անում ապահովել ընտրական գործընթացների օրինականությունը, այդ թվում՝ քարոզչանյութերի մասով»,- նշել է նա։

***

Գիշերը հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

«2005 ընտրատեղամասից 48–ում ունեցել ենք հանձնաժողովի անդամների 50 բացականեր, նրանցից` 2-ը` նախագահ և 1-ը` քարտուղար։ Օրինակ` 2 նախագահի և 1 քարտուղարի բացակայությունը քրեաիրավական գործընթացով է պայմանավորված։ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքը, նույնիսկ եթե բացականեր լինեն, եթե անհրաժեշտություն է լինում` նոր անդամներ են նշանակում»,–այսօրվա առաջին ասուլիսին ասաց Վահագն Հովակիմյանը։

Վստահեցրեց, թե գործընթացն ընթանում է բնականոն, տեխնիկական խնդիրներ լինում են, որ հընթացս լուծվում են։

***

ՀՀ–ում` 2005 ընտրատեղամասերում, մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցում է 2 դաշինք և 16 կուսակցություն։

Ընտրատեղամասերը փակվելու են երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններում իր աշխատանքը սկսել է Երևանի Չայկովսկու անվան դպրոցում բացված ընտրատեղամասում։

Դիտեք նաև՝ 

 Գյումրիում ընտրությունները մեկնարկել են ձերբակալություններով․ կա մոտ 30 ձերբակալված

Վաղ առավոտից իրականացվել են խուզարկություններ և ձերբակալություններ։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ձերբակալվածների թվում կան «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, ընտրական հանձնաժողովների անդամներ և կուսակցական ներկայացուցիչներ։

info@asekose.am/095519696
Բլոգ ավելին