▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորին դատի են տվել. «Ժողովուրդ»

2013թ. դեկտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանը դատի է տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արագած Ախոյանին՝ պահանջելով պատգամավորից հօգուտ վարչական շրջանի գանձել 436 հազար 476 դրամ:

 

Ինչ վեճ են ունեցել Երեւան համայնքն ու ԲՀԿ-ական պատգամավորը, որ գործն հասել է դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւան համայնքի անունից Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Արագած Ախոյանի` խնդրելով պատգամավորից հօգուտ Երեւան համայնքի բյուջեի բռնագանձել 436 հազար դրամ, ինչպես նաեւ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Նշենք, որ բացի այս պահանջից՝  Երեւան համայնքը վարչական դատարան է ներկայացրել ՀՀ ոստիկանության՝  2013թ. սեպտեմբերի 29-ի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը:

Իսկ ինչ պատճառաբանությամբ ու հիմնավորմամբ է վարչական շրջանը պատգամավորից գումար պահանջում:

Պարզվում է՝ Արագած Ախոյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «TOYOTA-LC 200 4.7» մակնիշի 02 NN 008 պետհամարանիշով ավտոմեքենայի համար ունի գույքահարկի չկատարված եւ ժամկետանց պարտավորություններ:

Ախոյանը 2010-ից 2012 թվականների համար համայնքի բյուջե պետք է վճարեր 282 հազար դրամ գույքահարկ, ինչպես նաեւ՝ 154 հազար դրամ տույժ:

Դատական նիստի մասին պատգամավորին ծանուցել են, սակայն նա նիստին չի ներկայացել: Ախոյանը գրավոր կարգով հայցի դեմ առարկություն կամ պատասխան չի ներկայացրել: Իսկ վարչական դատարանն էլ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ դատական նիստի ժամանակ վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, գործի քննությունն անցկացրել է առանց  ԲՀԿ-ական պատգամավորի մասնակցության:

Շուրջ 6 ամիս տեւած քննության ընթացքում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տրված տեղեկանքով հիմնավորվել է, որ Արագած Ախոյանը չի կատարել «TOYOTA-LC 200 4.7» մակնիշի 02 NN 008 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորությունները եւ վերջինիս պարտավորությունները:

Արդյունքում՝  2014թ. հունիսի 24-ին ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Արթուր Ծատուրյանի, որոշել է բավարարել Երեւան համայնքի պահանջը` Արագած Ախոյանից 436 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն ասաց, որ նշված մեքենան վաճառել է այլ մարդու, եւ տվյալ անձնավորությունը պետք է մեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորություններն իրականացնի. «Մենք այդ մեքենան վաղուց վաճառել ենք մեկ այլ մարդու, եւ ըստ օրենքի՝ մեքենայի  վերջին ձեռք բերողը պետք է մեքնայի գույքահարկի գծով հարկային պարտավորություններն իրականացնի»: Հարցին, թե ի վերջո դատարանը պարտավորեցրե՞լ է իրեն վճարել պարտքը, նա պատասխանեց. «Մեր տանը տղաս կամ աղջիկս են զբաղվել այդ հարցով, կարծում եմ, որ վճարել են, տեղյակ չեմ, կարող է նաեւ ունենան պայմանավորվածություն վճարման հետ կապված»:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 4-ին հենց Արաբկիր վարչական շրջանի Գայդարի 10-22 հասցեում էր Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակում իրականացվել: Հափշտակել էին նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն), որն ավելի ուշ կասեցվել էր` հանցագործների անձը չպարզելու պատճառով:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին