ԱԺ-ում կայացավ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի՝ Մանվել Բադալյանի ընտրությունը: Քվեարկության ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արտահերթ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից համաձայնեցված և առաջադրված միասնական թեկնածուի քվեարկությանը «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցել:
«Այն, ինչ տեղի ունեցավ այս դահլիճում, նոր հայտնագործություն է խորհրդարանական պատմության մեջ: Սրանից ավելի լավ առհավատչյա մեր պնդումներին առ այն, որ մեր ընդդիմադիր խմբակցությունները և հատկապես վերջին ժամանակներում դրանցից մեկը, ոչ թե քաղաքական գործունեությամբ են զբաղվում, այլ տրոլինգով են զբաղված, սփոյլերությամբ են զբաղված, սփամինգով են զբաղված, չգիտեմ, իրենք ամեն ինչ են՝ բացի խմբակցությունից, իրենք քաղաքական ուժ էլ չեն երևի թե: Կարելի է հիմա պաշտոնապես հայտարարել, որ այդ քաղաքական ուժն ավարտվեց այս, թվում է թե, տրիվիալ, աննշան դեպքով: Ես ուղղակի ապշած եմ:
Եվ ես կարծում եմ՝ այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ»,- ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել ընդդիմության թեկնածուին: