Օրերս «ArLeAM» ընկերության ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին։ Գինեգործների համայնքի 29 ներկայացուցիչներ շրջել են ընկերության ինտենսիվ այգիներում, ծանոթացել ընկերության աշխատանքներին և համտեսել «Door» բրենդի պրեմիում գինիները։
Հանդիպման օրակարգի շրջանակում քննարկվել են ոլորտի մի շարք հիմնախնդիրներ՝ խաղողի այգիների խնամքը, կառավարման, պահպանման մեթոդները, գինու որակի բարելավումը և օրգանական գինու մշակումը։
«Գինեգործության ոլորտի համար կենսական նշանակություն ունի մեր տեղական արտադրանքի վարկանիշի, ճանաչելիության և մրցունակության բարձրացումը, որը հնարավորություն կտա ներկայացվածություն ապահովել նոր շուկաներում», - ասել է «ArLeAM» և «Door» բրենդները ներկայացնող ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը։
«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, այն առաջարկում է առանց հավելանյութերի, բնական, ինքնուրույն աճեցված արտադրանք, որոնց կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում «Door» գինու ապրանքանիշը։
2022 թվականից ընկերությունն անդամակցում է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ին, որի ջանքերով հայկական գինիները առաջ են մղվում հովանոցային՝ «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո՝ տեղի և միջազգային ամենատարբեր հարթակներում: