▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Քոչարյանը չգիտի՞, որ Ամբակում Գրիգորյանը ՔԾԿ պետ է նշանակվել ոչ թե նախարարի, այլ՝ վարչապետի որոշմամբ․․․

Լրագրող, խմբագիր Արման Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե ՔԾԿ պետ նշանակված Ամբակում Գրիգորյանը եղել է մարտի 1-ի գործով առանցքային քննիչներից մեկը և արդարադատության նախարարին հարցրել՝ «մարտի 1 էջը ոնց որ փակո՞ւմ եք, թե՞ բաց է»։

Եթե Անդրանիկ Քոչարյանը ժամանակին չլիներ փաստահավաք խմբի անդամ, այսօր հազիվ թե իմանայինք, որ մարտի 1-ի գործում ներգրավված առանցքային քննիչներից մեկի՝ իբր հեղափոխական իշխանության օրոք պաշտոնական առաջխաղացման մասին։

Ընդ որում, ուզում եմ հիշեցնել՝ մարտի 1-ի վերաբացված գործով դրվագներից մեկն էլ առնչվում է իրավապահ համակարգում ապացույցների կեղծմանը. դրվագ, որի քննությունը շարունակում է դոփել տեղում, և բացի քննչական խմբի ղեկավարի նկատմամբ հետախուզում հայտարարելուց, կարծես թե առաջ չի գնում արդեն տևական ժամանակ։ Էլ չեմ ասում, որ այդ գործով իբր հեղափոխական իշխանության օրոք այդպես էլ չունենք գեթ մեկ դատավճիռ, չունենք գեթ մեկ պատժված անձ։

Բայց ուզում եմ հիշեցնել, որ միայն Ամբակում Գրիգորյանը չէ, որ ներգրավված է մարտի 1-ի գործում և բարձր պաշտոն է զբաղեցնում, ընդ որում՝ պաշտոնական առաջխաղացում ունենալով։ Ամենացցուն օրինակը բոլոր ժամանակների իշխանությունների «սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանն է՝ Մացոն։ Դատավոր, որի՝ մարտի 1-ի գործով դատավճիռները, հատկապես հիշենք՝ 7-ի գործով, Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռները բեկանվել են ՄԻԵԴ-ում, նախկին քաղբանտարկյալներն արդարացվել են, իսկ պետությունը այդ դատավորի վճռի պատճառով ստիպված եղավ տասնյակ հազարավոր եվրոների փոխհատուցում վճարել։ Իսկ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը 2023թ. նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև պաշտոնական առաջխաղացում ունեցավ։

Երբ հարց է հնչում՝ «մարտի 1 էջը ոնց որ փակո՞ւմ եք, թե՞ բաց է», ասեմ. մարտի 1-ի գործը վաղուց է փակված, շատ վաղուց։ Սա այն բանից հետո, երբ «ճգնաժամը հաղթահարած» ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց սահմանադրական կարգի տապալման մասին ՀՀ Քրեական օրենսգրքի հայտնի հոդվածը՝ արդարացնելով այս գործով առանցքային գլխավոր գերագույն մեղադրյալին։

Մի բան էլ. Ամբակում Գրիգորյանը ՔԾԿ պետ է նշանակվել ոչ թե նախարարի, այլ՝ վարչապետի որոշմամբ։ Նախկին քաղբանտարկյալ վարչապետի որոշմամբ։

Համաձայնվեք՝ իրոք ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում։ Սյուրռեալիզմ... surrealismo...

Դիտեք նաև՝

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2023 թվականի կատարողականի վերաբերյալ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի զեկույցին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում կադրային քաղաքականությանը․ «Ես ավելի փորձառու եմ, քան դուք, քանի որ ժամանակին ղեկավարել եմ այդ կառույցը։ Բարեփոխումներ կատարելու համար պետք է ունենաք որակյալ թիմ, որի ընտրության հարցում կարող եք ունենալ մեր աջակցությունը։ Բոլորի աջակցությունը պետք է ունենաք, նույնիսկ մեկուսարանում նստածներինը, քանի որ ամենամեծ ինֆորմացիան այնտեղից պետք է ստանաք, թե ո՞վ ինչպե՞ս է իրեն դրսևորում և իրենց կյանքը էնտեղ ինչպե՞ս է դասավորված, այդ կյանքի վրա քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ինչպիսի՞ ազդեցություն ունեն։ Այդ ազդեցությունը նաև նյութական բնույթ ունի, գաղտնիք չէ, որ թե՛ ներսում, թե՛ դրսում հսկայական միջոցներ են պտտվում, եթե մենք նպատակի հստակ ձևակերպում չտանք, տեղ չենք հասնի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նախարարն ի պատասխան խնդրեց վստահել իրենց կադրային քաղաքականությանը․ «Գուցե կան մարդիկ, ովքեր ուզում են հայտնվել այս կամ այն տեղում, բայց մերժումներ ստանան, խնդրում եմ, ես և դուք դա անձնական չհամարենք, այլ համարենք, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար է»։ Անդրանիկ Քոչարյանը լքեց նիստը՝ ասելով, որ այդ դրվագն իրեն հուշում է, որ նախարարին սխալ բաներ են հուշել։

***

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, անդրադարձավ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությանը․ «Որքան էլ ասեք, որ մենք չենք ձերբակալում կամ քարշ տալիս գետնին, բայց ամեն դեպքում Արդարադատության նախարարությունը պետք է ազդի մյուս ուժային կառույցների վրա, որ մարդուն, որը մարդասպան կամ ծանր հանցագործ չի, ձերբակալելուց ցուցադրաբար չպառկացնեն ասֆալտին, ինչպես օրինակ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունները։ Նման գործելաոճն ամբողջովին ջուրն է գցում բոլոր ուժային կառույցների կատարած ահռելի աշխատանքը։ Մարդիկ տեսնում են, որ բլոգերին կամ հասարակական գործչին ձերբակալելուց ինչպես են յոթ հոգով ընկնում գլխին, իսկ, ինչպես օրերս տեսանք, 17-ամյա տղային սպանողին քաղաքավարի ձերբակալում են, առանց գետնին պառկացնելու»,- ասել է Գեղամ Նազարյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին