|
Թարմացում․ Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրները հայտնում են, որ կինը՝ Նարինեն, աշխատում է խանութում։ Սիսիանցիները նրանց բնութագրում են` որպես հայկական ավանդական, հավատացյալ ընտանիք, ասում են` Հայկը հաճախ պատարագների էր մասնակցում։ Վերջերս Հայկը ծանր կորուստներ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են և՛ հայրը, և՛ մայրը։ *** |
|
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Մեր տեղեկություններով՝ զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։ Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։ Քննչական համակարգից մեր աղբյուրը հաստատեց զինծառայողի մահվան փաստը: Զանգեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին։ Նա մեր զանգերին չպատասխանեց, թերևս զբաղված էր նախարարի ճեպազրույցի կանոնները սահմանելով, թե լրագրողները քանի հարց պիտի տան և ժամացույցի սլաքի ինչ ուղղությամբ։ Մահացածն ամուսնացած էր, կինը հղի է, ունեն հագուստի փոքր խանութ Սիսիանում: Իսկ թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ, քաղաքում շոկի մեջ են»: *** |
|
«Պարո՛ն Պապիկյան, կրկին զոհ ունենք, 37 տարեկան տղամարդն ինքնասպանություն է գործել բանակում»,- լրագրողը դիմեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ «Ես զոհի մասին հիմա տեղյակ չեմ։ Կպարզեմ և հրապարակմամբ հանդես կգամ»,- պատասխանեց Պապիկյանը։ |


