▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին

Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել: Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։ «Իրենք իմ գլուխը սեղմում էին ներքև, որ ես իրենց դեմքը չտեսնեի ու անընդհատ գլխիս էին բոքսով խփում»,- պատմել է Թովմասյանը՝ նշելով, սակայն, որ իր նկատմամբ բռնություն գործադրածների մեջ կան անձինք, որոնց տեսնելու դեպքում կճանաչի: Վերջինիս պնդմամբ՝ ծեծից հետո իրեն ձեռնաշղթաներով քարշ են տվել դեպի Հրազդանի ոստիկանության բաժանմունք, ինչի հետևանքով թևերն ու ծնկները քերծվել են։ Այնուհետև մոտ 6 ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո, ըստ քաղաքացու, իրեն տեղափոխել են Հրազդանի քննչական, որտեղ քննիչ Մոնիկան (ազգանունը չի հիշում-խմբ․) տեսել է իր վնասվածքները, սակայն դրանց ուշադրություն չի դարձրել, դրանց վերաբերյալ իրեն հարցեր չի տվել: Գործով, որի շրջանակներում քննիչին են ներկայացրել Թովմասյանին, նա վկայի կարգավիճակ է ունեցել: «Իմ մտահոգությունն էն ա, որ իրենք էդ ոստիկանության բաժանմունքի կամերաները կջնջեն: Կջնջեն, թե ոնց են ինձ քարշ տալով տանում՝ արյունը վրայիցս չռալով»,- ահազանգել է Թովմասյանը: Վերջինիս խոսքով՝ այս դեպքին նախորդել է ոստիկանության օպերատիվ աշխատակցի զանգը, որով Թովմասյանին կանչել էին բաժին՝ կնոջ բողոքի հիման վրա։ Քանի որ նա Երևանում է եղել, խնդրել է ներկայանալ հաջորդ օրը։ Դեպքի օրը Թովմասյանի խոսքով, ինքն ինքնակամ եկել է ոստիկանության բաժանմունքի մոտ, զանգահարել աշխատակցին և հայտնել ներկայանալու պատրաստակամության մասին։ Սակայն ոստիկանն ասել է, որ սպասի իր զանգին, որից ընդամենը 40 րոպե անց տեղի է ունեցել հարձակումը։ Քաղաքացին նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իր նկատմամբ բռնություն է կիրառվում, սակայն առաջին անգամ է, որ ինքը բարձրաձայնում է այդ մասին: Քննչական բաժնում, ըստ Թովմասյանի, քննիչն առաջարկել է խոսել կնոջ հետ հարաբերությունների մասին, սակայն Թովմասյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Ըստ Թովմասյանի՝ քննչական գործողությունը տեսաձայնագրվել է տեսախցիկով, այն տևել է 30 վայրկյանից 1 րոպե և տեսանյութում արձանագրված են իր վնասվածքները: Այս դեպքերից հետո, քաղաքացուն ազատ են արձակել, որից հետո, ըստ նրա պատմածի, երկու անգամ ուշագնաց է եղել։ Ահազանգով ժամանած շտապօգնության բժիշները նրան տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն շուտով պարզվել է, որ համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) կարիք կա, իսկ բժշկական կենտրոնում այդ սարքից չունեն, ուստի նրան ուղեգրել են Երևան։

Հասարակություն далее