|
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները». Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին, հնարավոր չէ պարզապես կարծիք համարել: Այն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը և բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։ Իշխանության այս քաղաքականությունը համեմատելի է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունների հետ: Վարչապետը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար։ Մեղադրանքների այս հերթափոխը չի խոսում սկզբունքայնության մասին, այլ վկայում է մեկ կանխորոշված նպատակին ծառայող քաղաքական վարքագծի մասին՝ Եկեղեցին իշխանության վերահսկողության տակ առնելու։ Առնվազն տարակուսելի է, երբ Սահմանադրությունը խախտող, 2021 թվականին ընդունված Կառավարության ծրագիրը փաստացի տապալած վարչապետը, հրաժարական տալու փոխարեն, փորձում է «օրինականություն» հաստատել պետությունից անկախ հոգևոր կառույցում։ Այս համատեքստում Կանոնագրքի թեման երկրորդական է․ իրական խնդիրը իշխանության ձգտումն է վերահսկողություն հաստատել այն ինստիտուտի նկատմամբ, որը մինչ այժմ չի ենթարկվել քաղաքական կամքին։ Այսօր հարցը Եկեղեցու Կանոնագիրքը չէ։ Հարցն այն է, թե արդյոք Հայաստանում դեռևս թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն ղեկավարվում վարչապետի կաբինետից։ Ընդհանուր առմամբ, սա խորքային ճգնաժամ է Հայաստանի ներքին կյանքում, որը կարող է ազդել ազգային միասնության վրա: Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության կարևոր մաս, և նման հակամարտությունը խիստ վտանգավոր է, որը կարող է հարուցել իրավունքի և ինքնության ճգնաժամ: Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և ընթացակարգերով, ոչ թե Փաշինյանի կողմից թելադրվող «ճանապարհային քարտեզով»»: |
Դիտեք նաև՝


