Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատանքից ազատման հրամաններ են տրվել ութ աշխատակիցների, ովքեր մասնակցում են գործադուլի։
«Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝
Մարգարյան Շավարշ Հովհաննեսի
Արշակյան Կարեն Մարութի
Մխիթարյան Վահե Սամվելի
Բաբաջանյան Գոռ Վրեժի
Բաբաջանյան Վահե Վրեժի,
Բաբաջանյան Արթուր Վրեժի
Անդրեասյան Կարեն Արկադիի
Աթայան Տիգրան Արշամի
Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։
Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ գործադուլ են անում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները։ Նրանց պահանջներն են՝ աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում: Թեև աշխատակիցների ու կոմբինատի ղեկավարությունը հանդիպել են, սակայն այդպես էլ նրանք համաձայնության չեն հասել։