▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորավարժությունների որոշ ոչ հրապարակային արդյունքներ շատ ավելի լավ երևացին հենց Ադրբեջանում

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն, անխոս, բավական մեծ կարևորություն ունեցան՝ ստուգելու մեր երկրի պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակությունները, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը միտված անհրաժեշտ միջոցառումների արդյունավետությունը:
Արձանագրված արդյունքներն ամփոփելիս պետության համապատասխան մարմինների կողմից հետագայի համար, անշուշտ, անհրաժեշտ հետևություններ և մասնագիտական վերլուծություններ կարվեն, որոնք նոր առաջադրանքներ վեր կհանեն ապագայում այսօրինակ միջոցառումներ կազմակերպելու պարագայում: 
Ինչ խոսք, շատ հատկանշական է, որ նման մասշտաբի զորավարժությունների ընթացքը հնարավորինս հարթ և աննկատ անցավ ՀՀ շարքային քաղաքացիների համար: Այս համատեքստում, թերևս, զորավարժությունների առերևույթ, անուղղակի արդյունքների վերաբերյալ պատկերացում կազմելու համար առնվազն բավարար է դիտարկել ՀՀ արևելյան հարևան պետության՝ Ադրբեջանի իշխանությունների, լրատվամիջոցների վարքը: Որքան էլ հարևան պետության զինուժը փորձում էր ապակայունացնել, հնարավորինս խոչընդոտել զորավարժությունների ընթացքը՝ նպատակ ունենալով միտումնավոր լարվածություն և խուճապային իրավիճակ ստեղծել հայ հասարակության, Հայաստանի տարածքի՝ հատկապես վարժանքների թատերաբեմ հանդիսացող շրջաններում, այնուամենայնիվ, հաստատապես կարելի է պնդել՝ Բաքուն միանշանակորեն ձախողվեց:
Մյուս կարևոր իրողությունը, որը ևս կարելի է կապել «Շանթ-2015»-ի իրական արդյունքների հետ, հենց Ադրբեջանում սեպտեմբերի 6-13-ին կանխավ չհայտարարված «լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժությունների» անցկացումն է, ինչի առաջնային նպատակներից մեկը, կասկածից վեր է, Հայաստանին ի պատասխան «բռունցք» ցույց տալն է՝ այսինքն՝ ոչ մի նոր բան՝ մինչ այս բազմիցս գովազդված ռազմական տեխնիկայի հերթական, առավել «մասշտաբային ցուցադրություն» և ոչ ավելին: Ինչ խոսք, ադրբեջանական զորավարժություններն այլ թիրախներ և նպատակներ էլ ունեն և շատ ավելի առարկայական, ասենք՝ սեփական հասարակության շրջանում հատկապես վերջին օրերի ընթացքում ավելի խորացած որոշակի տագանպները մեղմելը կամ միջազգային հանրությանը հիշեցնելը, որ պատերազմի վերսկսումը տարածաշրջանում հնարավոր է յուրաքանչյուր պահին:
Բայց այն, որ Բաքվի քաղաքականությունը և դրա առարկայացումը հանդիսացող այսօրինակ գործողությունները դեռ տևական ժամանակ դուրս չեն գա «շոուի» հարթությունից, անհերքելի է առաջին հերթին հենց ադրբեջանական իշխանությունների համար, քանի որ, ի տարբերություն, ասենք, հայ հասարակության, մեր զորավարժությունների որոշ ոչ հրապարակային արդյունքներ շատ ավելի լավ երևացին հենց Ադրբեջանում...
Չէ՞ որ, ինչպես մարդկության պատմության բոլոր շրջափուլերում, ժամանակակից պատերազմներում ևս, անհնար է հակառակորդի հանդեպ հաղթանակ արձանագրել՝ զուտ զինտեխնիկայի առավելության վրա շեշտադրում կատարելով:

 

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին