Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր,այս մասին գրում է «Հրապարակ»-ը։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
***
|
Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում մեկը մյուսի հետևից շարքից դուրս եկող մեքենաների դեպքերը տեսնելով՝ թշնամին մտածելու է, որ հայերը չունեն սարքին մեքենաներ, որպեսզի պատերազմի ժամանակ օպերատիվ կերպով անձնակազմ տեղափոխեն դիրքեր։
Այս ամենը վերլուծելով՝ նրանք իրականացնելու են կայծակնային գրոհ և տվյալ ուղղությամբ լինելու է կրակի առավելագույն խտություն՝ անօդաչուների լայն կիրառմամբ։ Իսկ թե արդյունքում ինչ կլինի, արդեն պարզ է երևի բոլորիդ համար…»։
***
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց:
Ես չգիտեմ, թե ի՞նչ արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրությունում, սակայն եղած տեղեկությունները հուշում են, որ սահմանապահների նպատակը եղել է մոլորված հայ հովիվի անվտանգ վերադարձը և նրանք այդ տեսանկյունից իրենց խնդիրը կատարարել են:
Այո՛, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր:
Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում, արտառոց իրադրությունը, պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում կարծում եմ եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել:
Ինձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ Սահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն:
Եվս մեկ հանգամանք. Ադրբեջանը, երբ քաղաքական որոշում է ունենում իրադրությունն առաջնագծում լարել, ապա դրա համար միշտ առիթ և պատճառ գտնում է և դա նաև ցույց տվեց որոշ ժամանակ առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգությունը: Այնպես որ, պետք չէ մեր զինծառայողներին թիրախավորել` համարելով, որ լարվածության աճ է կանխվում:
ՀԳ. Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ և այս տեսանկյունից, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հանրային դժգոհությունն ամբողջությամբ օբյեկտիվ և առողջ դատողությունների դաշտում է»։
|