▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարովան հիշեցրել է «Փաշինյանի պարը» Ղարաբաղում՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարակուսանք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, թե իբր ՀԱՊԿ գործընկերները չեն կատարել իրենց պարտավորությունները Երեւանի նկատմամբ 2022թ․ սեպտեմբերին։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ գործընկեր երկրները հրաժարվում են երաշխավորել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարների զենք եւ ռազմական տեխնիկա, որոնց համար, ըստ նրա, հայկական կողմն արդեն վճարել էր։ ՀՀ վարչապետի խոսքով՝ նման գործողությունները «գոյության սպառնալիք» էին ներկայացնում երկրի համար եւ վկայում էին հայկական պետականությունը ոչնչացնելու եւ նրա ինքնիշխանությունը չեղյալ համարելու ենթադրյալ որոշման մասին։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս դիտարկումները մեկնաբանելով՝ Մարիա Զախարովան նշել է, որ չի հասկանում, թե ինչ «որոշման» կամ ում գործողությունների մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները, կարծես, պնդումների անկապ ամբողջություն են եւ պահանջում են պարզաբանում։

«Նա ՀԱՊԿ-ին է մեղադրո՞ւմ հայկական պետականության ոչնչացման մեջ։ Ինձ համար տարօրինակ է լսել այս ամենը։ Հնարավոր է՝ մեջբերումը սխալ էր, եկեք պարզաբանենք»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան ընդգծել է, որ համատեքստից դատելով՝ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սակայն նա նշել է, որ չի հիշում կամ տեղյակ չէ որեւէ իրավական որոշման մասին, որը ճանաչել է այս տարածքը որպես Հայաստանի Հանրապետության մաս։ «Հիշում եմ, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը գնում այնտեղ եւ պարում, դա է, ինչ ես հիշում եմ։ Բայց ես ոչինչ չգիտեմ այս տարածքի՝ Հայաստանի կազմում իրավական ճանաչման կամ ներառման մասին»,- ասել է նա։

Այս առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ մեղադրանքների համատեքստի եւ առարկայի հստակ ըմբռնման բացակայության դեպքում անհնար է իմաստալից մեկնաբանություն տալ։ «Ես չեմ հասկանում, թե ՀԱՊԿ-ի կողմից հայկական պետականության դեմ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։ Գուցե նրանք այլ բան նկատի ունեն»,- հայտնել է Զախարովան։

Նա ավելացրել է, որ ձեւակերպումները եւ փաստերը պարզաբանելուց հետո ռուսական կողմը պատրաստ կլինի բացատրություններ եւ մեկնաբանություններ տալ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին