▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշ եւ որոշակիորեն փոխված տեքստեր ասաց, մեզ թվաց, թե ժողովրդի ձայնը տեղ է հասել, եւ երկիրը ղեկավարող անձը համապատասխան հետեւություններ է արել: Չէ՞ որ այս անգամ հայտարարել էր, որ տարածքները ոչ թե հանձնվելու են, այլ փոխանակվելու են եւ այլն: Մարդիկ, հատկապես Տավուշի սահմանամերձ հատվածներում ապրողները, հավատացին ՀՀ վարչապետին, ոգեւորվեցին, անգամ ոմանք հարցազրույցներ էին տալիս եւ հայտարարում, որ գոհ են, բավարարված են, հակառակն ասողներին ամոթանք էին տալիս եւ գովաբանում ՔՊ առաջնորդին: Իհարկե, կային նաեւ ավելի իրատես մարդիկ, որոնք ասում էին` հերթական անգամ խաբեց, եկել էր ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելու, քիչ հավանական է, որ իրենց ծրագրից սրանք հետ կանգնեն, Ալիեւի հանդեպ վախն այնպես է մտել ոսկորների մեջ, այնպիսի կուլիսային պայմանավորվածություններ ունեն, եվրոպաներում այնպիսի խոստումներ են տվել, որ քիչ հավանական է, թե դրանք վերանայվեն: Եվ, առհասարակ, 2020-ի աղետաբեր պատերազմից հետո ինչ չարագուշակ լուր տարածվել է, իրականություն է դարձել, որքան էլ որ անամոթաբար հերքել են, վիրավորել լուրը տարածողներին, չքմեղացել:

Պարզվեց` Տավուշից գյուղերի հանձնումը, ճանապարհներ տալը, անկլավ կոչվածները զիջելը, Արցախից հրաժարվելը... ամեն ինչ իրական է եւ ընդամենը ժամանակի հարց: Այսպես որ գնա, իրականություն են դառնալու մեր բոլոր մղձավանջային կանխատեսումները` «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցի փախստականների վերադարձի, միջպետական ճանապարհները կորցնելու, Հայաստանը մասերի բաժանվելու եւ թուրք-ադրբեջանցի հրոսակների ոտքի կոխան դառնալու մասին: Մեզ մնում է միայն հասկանալ` ի՞նչն է այս իշխանություններին ստիպում անել այս ամենը եւ մնալ իշխանության գլխին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին