Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանում գործող «Յանդեքս» ընկերության ծառայություններից օգտվելով՝ վտանգի տակ ենք դնում ՀՀ անվտանգությունը։ Բանն այն է, որ վերջինս վստահ է՝ Ադրբեջանն այդ ծառայությունների միջոցով կարողանում է գաղտնալսել, տեղեկանալ ցանկացած բանի մասին։
«Հայկական ժամանակ»-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում խոսելով այս մասին՝ Սարգսյանը պարզաբանում է․ «Այդ ծառայությունն ի սկզբանե սկսել է գործել Թուրքիայում, Ադրբեջանն էլ վերջերս պաշտոնապես գնել է այն։ Այսինքն՝ ամբողջությամբ ենթարկվում է Ալիևին։ «Յանդեքս»-ն ակտիվորեն աշխատեց Թուրքիայի հետ, հետո Հայաստան մտավ։ Երբ, օրինակ, «Յանդեքս» տաքսիից ես օգտվում, քարտեզի վրա ցույց է տալիս՝ որտեղից ուր ես գնում, ինչ ես անում, օնլայն շարժվում է այն ու տեսանելի է, թե դու որ ժամին ինչ արեցիր։ Թշնամին քո ներսը տեսնում է, ու դու անվճար դա ցույց ես տալիս»։
Ըստ սոցիոլոգի՝ նրանք, ովքեր օգտվում են նշված ընկերության որևէ ծառայությունից, ապա կամա թե ակամա դառնում են ադրբեջանական գործակալ. «Երբ «Յանդեքս»-ի քարտեզը կամ այլ ծառայություն քո հեռախոսի կամ համակարգչի մեջ է, ապա տեսանելի է այն ամենը, ինչ դու անում ես։ Թշնամին հանգիստ դրա միջոցով կարող է կոտրել նաև քո հեռախոսը կամ համակարգիչը»:
Վերջինս նաև նշում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է այս մասին, սակայն չի կարող պայքարել սրա դեմ, այն արգելափակել Հայաստանում։ Մարդիկ պետք է սկսեն կամավոր չօգտվել նշված ծառայություններից, որպեսզի հարցին լուծում տրվի։
«ԱԱԾ-ն պետք է մեզնից պահանջ ստանա, որ զբաղվի այս գործով։ Ազգային ժողովը պետք է քննարկում սկսի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խնդրին ուշադրություն դարձնի։ Գուցե կարիք լինի ստեղծել կիբերանվտանգության հանձնաժողով։ Այսինքն՝ առաջարկ պետք է լինի չօգտվել «Յանդեքս»-ի ծառայություններից։ Կապը նրանց համար փակում ենք Հայաստանում, հետո սկսում հետևել, եթե որևէ մեկը VPN-ի միջոցով ( վիրտուալ մասնավոր ցանց. ծառայություն է, որը թույլ է տալիս միանալ ինտերնետին ծածկագրված թունելի միջոցով՝ համացանցում գործողությունների գաղտնիությունն ապահովելու և օգտատերերի «զգայուն» տվյալները պաշտպանելու համար) օգտվում է դրանից, ապա նա միանշանակ ադրբեջանական գործակալ է։ Եթե նույնիսկ գործակալ չէ, սակայն փակելուց հետո օգտվում է, պետք է տուգանել և հրապարակայնորեն ցույց տալ»,- կարծում է Սարգսյանը։
Նրա համոզմամբ՝ հարցի լուծումը որևէ հատուկ մարմնի ստեղծումն է, որի միջոցով կսկսվի նախաձեռնություն, և կքննարկվեն այս ծառայության առաջացրած խնդիրները։ Ըստ նրա՝ մի մասը պետք է լուծվի օրենսդրական ճանապարհով, մյուսը մասը՝ պրակտիկ, մնացածն էլ՝ տեխնիկական հարցերի միջոցով։
«Այդպես խնդիրների լուծումը և բոլոր գործողությունները միանշանակ կլուծվեն։ Նաև իրավական գործընթաց պետք է սկսենք, ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ միշտ կարողանանք այս խնդիրները մեզնից հեռու պահել։ Փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական համագործակցության պայմանագրի շրջանակներում ՌԴ ռազմաբազանն էլ է աշխատում Ադրբեջանի համար։ ՀԱՊԿ երկրները՝ Ղազախստանն ու Ղրղզստանն էլ տիրապետելով երկրի ռազմական գաղտնիքներին՝ նույնպես վտանգ են մեզ համար, քանի որ նրանք մաս են կազմում նաև պանթուրքական կազմակերպության։ Այսինքն՝ այս բոլոր քայլերը մեր պետականության ոչնչացման դեմ են»,- մտահոգություն է հայտնում նա: