▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակ շոու-համերգ Լոս-Անջելեսում` նվիրված հայոց բանակի տոնին

   Հունվարի  28 -ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի « Beyond The Stars»  թատերասրահում  «Grand Party» նորաստեղծ կազմակերպությունը կազմակերպել էր հայոց բանակի տոնին նվիրված համերգ՝ «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով, որտեղ, ըստ հայտարարության մասնակցելու էին ԱՄՆ-ում գործող բոլոր հայկական կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները: Առաջին հերթին, կարծում էինք, որ այդ միջոցառման ամենապատվավոր հյուրերը պետք է նախ և առաջ լինեին  ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայկական բանակի սպաներ, զինվորներ, Արցախյան պատերազմի ազատամարտիկներ և բանակի հետ առնչվող այլ կազմակերպություններ ու անհատ անձինք: ԱՄՆ-ում, մինչ այդ հիշարժան օրը,  պետականորեն ճանաչում ստացած և պաշտոնական գրանցված US Armenian Veterans Association-ի մեծաթիվ անդամներս ուրախությամբ և ներքին հուզմունքով համոզված էինք, որ շուտով մեր կազմակերպությունը հրավերք կստանա կազմակերպիչներից: Ավաղ, չարաչար սխալվեցինք: Ի դեպ, միջոցառումից դեռ երկու շաբաթ առաջ հանդիպել եմ հյուպատոսին և ասել, որ միջոցառման կազմակերպիչները մեր կազմակերպությանը և  ազատամարտիկների չեն հրավիրել:

    Կազմակերպիչներն,  որևէ կապ ու պատկերացում չունենալով հայկական բանակի, Արցախյան պատերազմի, կամավորական ջոկատների մասին, կողմնորոշվելու և աջակցություն ստանալու նպատակով իրենց օգնական էին ընտրել համայնքում հեղինակություն չվայելող, խարդախի ու ստախոսի անուն վաստակած, ազատամարտիկների ընտանիքներին օգնելու նպատակով թելեթոնի գումարները յուրացրած, պետական գրանցում չստացած «Հայ արիական բռունցք» կազմակերպության ինքնակոչ նախագահ, հեթանոսության մոլի երկրպագու Արմեն Շահբազյանին: Այս «խորհրդատուի», կամ ավելի ճիշտ՝ «Միկիտան Սաքոյի» թեթև ձեռքով հրավիրատոմսեր ստացան միայն ծանոթներ, բարեկամներ, ընկերներ և հայրենադավ գործունեություն ծավալող մի խումբ քաղաքական ապաստան ստացած նախկին ՀՀ քաղաքացիներ: Միջոցառմանը մեծ «դերակատարություն» ունեցավ, դեռևս հայ համայնքում չճանաչված, ԶԼՄ-ների կողմից չհայտարարված, ԱՄՆ-ում պետական գրանցում չստացած Երկրապահ կամավորականների միության ԱՄՆ-ի մասնաճյուղի ղեկավար `  ոմն Սամվել Ֆրանկլյանը, ով իր «նշանակումը» նշեց Արցախյան պատերազմին չմասնակցած,  բանակի հետ կապ չունեցող, վերջիններիս հետ քյաբաբ-խորոված ուտող ախպեր տղերքով, ծանոթներին ու նրանց ազգ ու տակի փոքրահասակ երեխաներին,  ԵԿՄ-ի մեդալներ ու պատվոգրեր շնորհելով:

    Ինչևիցէ, ազգային նշանակություն ունեցող այդ տոնին միտումնավոր չհրավիրված մի խումբ վետերաններ ինքնակամ կարողացանք ներս մտնել: Սրահ մտնելուն պես նկատեցինք շատ մեծ լուսանկար, կազմակերպիչներից մեկի՝ Դավիթ Ասատրյանի լուսանկարը` զինվորական համազգեստով և նույն  չափսի նկար՝ բեմի վրա փակցված: Առաջին պահից մեզ թված ոչ թե Հայոց բանակի միջոցառմանն ենք մենք «խցկվել», այլ` Դավիթ Ասատրյանի անձնական բենիֆիսին ենք հայտնվել:

 

     Թատերասրահը գրեթե լեփ լեցուն էր հայկական բանակի հետ կապ չունեցող, համերգի սիրահար մարդկանցով և մեդալներ ստացողների ցուցակում գրանցված «ազգի հերոս» զավակների հարազատներով: Մի քանի ոգեշունչ ելույթներից հետո բեմ բարձրացավ Միացյալ նահանգներում ՀՀ Երկրապահ կամավորականների միության ներկայացուցչության ղեկավար՝ դեռևս ճանաչում չունեցող  Սամվել Ֆրանկլյանը: Իր ելույթում  ՀՀ ԵԿՄ-ի նախագահ՝ Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից նշեց, որ լիազորված է հանձնելու մեդալներ և պատվոգրեր: Խոսքից անցավ գործի՝ հաշվի չառնելով, որ սրահում նստած էին Գլենդելի քաղաքապետը, հոգևոր այրերը, հյուպատոսարանի ներկայացուցիչը և այլ պաշտոնավոր անձինք մեծ շոու տվեց՝ մեդալներ հանձնելով իր  ուտուշ- խմուշի ընկերներին, որոնցից ոչ մեկն էլ ԵԿՄ անդամ չէր  և ոչ էլ ազատամարտիկ:  Որպես US Armenian Veterans Association-ի նախագահ  երբեք չէի լսել, որ Լոս Անջելեսում ԵԿՄ նման  կառույց կա, լոսանջելեսցիների համար անծանոթ մի կազմակերպություն, որը  գրասենյակ  չունի, թերևս որպես կառույց չձևավորված չէր, բայց արդեն ուներ, ի զարմանս բոլորի, պատանի երկրապահ, որոնց էլ որպես ուտուշ-խմուշի ընկերների զավակներ, Սամվել Ֆրանկլյանը  Վազգեն Սարգսյանի նկարով պատվոգրեր բաժանեց: Ամբողջ դահլիճը զարամացել էր Սամվել Ֆրանկլյանի մեդալներ բաշխելու շռայլությունից, ով ի ցույց դրեց ամբողջ Լոս Անջելեսում, որ ԵԿՄ-ի մեդալը՝ արժեք չունի:  Զարմանալի է, բայց փաստ, որ մեդալ հանձնողը չհայտնեց հանդիսատեսին,  հայրենիքին մատուցած որ ծառայության համար է պարգևատրում այդ մարդկանց, որը,  ըստ իր խոսքի, լիազորել էր գեներալ Մանվել Գրիգորյանը:

 

   Հայոց Բանակի 23-րդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ, ԵԿՄ-ի մեդալներ ստացան հետևյալ անձինք՝ (որոնց շնորհիվ «ազատագրվել» էր Շուշին) Մարատ Հայրապետյանը, Աննա Կոտոլյանը, Դավիթ Ասատրյանը, Արտակ Մարտիրոսյանը, Հայկ Ալջիկյանը, Հակոբ Ալջիկյանը, Էլվիս Մադաթյանը, Գրիշա Սանդալյանը, Հրաչյա Մխիթարյանը (Չուկո), Արմեն Մեցոյանը, Հովհաննես Թումոյանը, Սուսաննա Օսունյանը, Բաբկեն Դալլաքյանը, Արսեն Դալլաքյանը, Արմեն Սահակյանը, Ջորջ Չիլիգարովը, Ավետիս Սանկիկյանը, Կարեն Խաչատրյանը, Ռոբերտ Ասոյանը:

 ԵԿՄ-ի Պավոգրեր ստացան՝ Գոռ Անտոնյանը, Էդմոնդ Ամիրաքյանը, Արայիկ Բաղդասարյանը:

 

Պատանի երկրապահի պատվոգրեր ստացան՝ Կարեն Զաքարյանը,  Էրիկ Թումոյանը,Արիս Ֆրանկլյանը, և Սարգիս Մեցոյանը:

 

 

    Տոնական համերգն ավարտվեց, որին չէին հրավիրված կազմակերպիչների կողմից բազմաթիվ իսկական հայ ազատամարտիկներ, իսկական երկրապահ կամավորականներ, որոնք անտեսված ու մոռացված են ՀՀ Պաշտպանության, կառավարության,  Արցախի բարձրաստիճան այրերի կողմից: Նրանք տանը նստած նշում էին հայոց բանակի տարեդարձը:

 

    Հ.Գ.  Միթե գեներալ Մանվելը լիազորել էր Ֆրանկլյանին  սեպ խրելու սփյուռքում ապրող  հայ վետերանների, ազատամարտիկիների և Ֆրանկլյանի իր «ախպեր տղերքի», սեղանակիցների միջև:  Միթե Հայոց բանակի հիմնադիրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը կցանկանար ԵԿՄ-ի իր կառույցը  տեսնել նման շարունակությամբ, որտեղ մեծարվում են ոչ թե կռված տղաները, այլ՝ ճանաչված  փողատեր քյաբաբիչները, որոնց համար մեդալը արժեք չունի, քանի որ չեն հասկանում մեդալի գինը: Կարծում ենք, որ հարգարժան գեներալ Մանվել Գրիգորյանը ուշադրություն կդարձնի սփյուռքի իր կառույցի ղեկավարի հետագա գործնեությունը, հակառակ դեպքում ՝ ոչ մի ազատամարտիկ չի համագործակցի ԵԿՄ կառույցի հետ: 

    Խնդրանքով դիմում ենք նաև ՀՀ Պաշտպանության նախարարին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսին, որ նման պետական պաշտոնական միջոցառումներ, իրենք կազմակերպեն, այլ՝ ոչ թե թույլ տան, որ  պատահական  մարդիկ,  հանուն իրենց  եկամտի,   նման պետական խայտառակ միջոցառում չկազմակերպեն:

 

ԱՄՆ-Ի ՀԱՅ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

 

ՄԻ ԽՈՒՄԲ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին