▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ տվեք Գյումրվա բնականոն արժանապատիվ կյանքը խաթարող երևույթներին...

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին տարիներին Գյումրի քաղաքում տեղի ունեցած  միջադեպերի, այդ առիթներով մամուլում և հասարակության մեջ տարածվող շահարկումների կապակցությամբ:

Շիրակ հայրենակցական միության վերջին համագումարի ուղերձում, ինչպես նաև կազմակերպության ղեկավարությունը ներկայացնող հեղինակավոր անհատների  հրապարակային ելույթներում բարոյախրատական հորդորներից զատ փոխըմբռնման ու հանդուրժողականության կոչեր են ուղղվել տեղական իշխանության նախկին ու ներկա ղեկավարներին՝ ի շահ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման:

Նրանք, ովքեր իրենց գործելաոճով ու վարքագծով փորձում են ստվեր գցել պատվախնդիր մեր քաղաքի բարի համբավի վրա, պետք է քաջ գիտակցեն, որ այդ համբավը քաղաքի սերունդների անբասիր ու անխոնջ աշխատանքի, բարեշնորհ ապրելակերպի ու համակեցության ավանդական ու նորացված կանոնների պահպանման ու զուգորդման արդյունք է: Մենք բոլորս երախտապարտ պետք է լինենք մեր քաղաքին նման հռչակ պարգևած վարպետներին, արվեստի ու մշակույթի, գիտության ու կրթության գործիչներին, նամուս դավանող գյումրեցիներին: 

Այսօր Գյումրի քաղաքի փառավոր տարեգրության կերտման գործում մեծ վաստակ ունեցող և   Շիրակ հայրենակցական միությանը անդամակցող հեղինակությունները բազմավաստակ մարդու իրավունքով դիմում են տեղական իշխանություններին, իրավասու   մարմիններին` վերջ դնել իր բարեկրթությամբ մշակույթի մայրաքաղաքի  իրավունքը նվաճած Գյումրվա բնականոն արժանապատիվ կյանքը խաթարող երևույթներին:

«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին