Pastinfo.am-ը գրում է, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կայքի զրույցում ներկայացրել է գործի քննության ընթացքում տեղ գտած հերթական զավեշտալի միջադեպը: «Քննիչին միջնորդություն եմ ներկայացրել, խնդրել եմ, որ տրամադրի փորձաքննություններ նշանակելու որոշումները: Քննիչը որոշումները տրամադրել է մեզ, հետո որոշում է կայացրել մերժելու իմ միջնորդությունը, քանի որ արդեն տրամադրել է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` կատարվածը որակելով իբրև «աբսուրդ և սև հումոր` իրավաբանների համար»: Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ այդպես էլ մինչև օրս չի ստացել պետական տարբեր ատյաններին ու պաշտոնյաներին հասցեագրած իր դիմում-բողոքներից և ոչ մեկի պատասխանը` հիշեցնելով, որ սահմանված ժամկետներն արդեն լրացել ու խախտվել են:
Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին փաստաբանը գործը քննող քննիչի դեմ բացարկի դիմում էր ներկայացրել , որտեղ ներկայացրել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը, իրենց համոզմամբ, խոչընդոտում է գործի արդարացի քննությանը և փաստում քննիչի կանխակալ վերաբերմունքը:
Նույն օրը Նիկոլայ Բաղդասարյանը գրավոր դիմել էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար: Երկու դիմումներն էլ մինչ այս պահն անարձագանք են մնացել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում