Ատամնաբույժ Լուիս Աուգուստո Մանցին հայտարարել է, որ որոշ մթերքներ կարող են առաջացնել բերանից տհաճ հոտ։ Ինչպես նա նշել է Metropoles-ին տված հարցազրույցում, այդ ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն սննդի բաղադրությամբ, այլ նաև այն գործընթացներով, որոնք տեղի են ունենում օրգանիզմում դրանց օգտագործումից հետո։
Մանցիի խոսքով՝ հատկապես սխտորն ու սոխն են առաջացնում տհաճ հոտ, քանի որ պարունակում են ուժեղ հոտ ունեցող նյութեր, որոնք ներթափանցում են արյան շրջանառություն և որոշ ժամանակ անց դուրս են գալիս թոքերի միջոցով։ Բացի այդ, նման խնդիր կարող է առաջանալ նաև մսի և բարձր սպիտակուցային մթերքների օգտագործումից հետո։
Մասնագետը հավելել է, որ կաթնամթերքն ու քաղցրավենիքները ևս նպաստում են բերանի տհաճ հոտի առաջացմանը․ քաղցրավենիքները սննդանյութ են հանդիսանում բակտերիաների համար, որոնք էլ առաջացնում են այդ հոտը։ Միաժամանակ սուրճն ու ալկոհոլը վատթարացնում են իրավիճակը, քանի որ նվազեցնում են թքի արտադրությունը, որն անհրաժեշտ է բերանի խոռոչի բնական մաքրման համար։ Ավելի վաղ մեկ այլ ստոմատոլոգ ընդգծել էր, որ բերանի հիգիենան չի սահմանափակվում միայն ատամի խոզանակով և մածուկով։


