▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիներ շարունակ մեր ամբողջ ռեսուրսը ծախսել ենք ԼՂ պետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա․ Փաշինյան

Դեկտեմբերի 9-ին Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում նա անդրադարձել է նաև Արցախի կորստի թեմային: «Շատ կարևոր է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես է, որ 2020 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ մենք գտնվում էինք մեղադրանքների տարափի տակ, էդ ո՞նց պատահեց, որ մեզ հաջողվեց որպես քաղաքական թիմ, որպես կառավարող թիմ` չփլուզվել: Դա ունի մի պատճառ, որովհետև մեզ մեղադրում էին, բայց մեզ չէին մեղադրում նրա մեջ, ինչի մեջ կարող ենք իսկապես մեղավոր լինել: Էն, ինչի մեջ մեզ մեղադրում էին, կապ չուներ ընդհանրապես իրականության հետ:

Այո, մենք մեղավոր ենք, բայց ինչո՞ւմ, ինչքա՞ն, ի՞նչ տեսք ունի այդ մեղադրանքը: Մաքսիմալ մեղադրանքը սա է` իշխանության գալով մենք շարունակում էինք կրել Լեռնային Ղարաբաղի խնդրի համազգային էմոցիոնալ կրումը: Դա մի ընկալում էր, որը ՀՀ-ի քաղաքացիների 90 տոկոսից ավելին ուներ»,- ասաց նա:

***

Իջևանում ՔՊ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե, ըստ իրեն, որն էր այն էմոցիոնալ պատճառը, որը թույլ չէր տալիս ժողովրդի հետ խոսել Լեռնային Ղարաբաղի լուծարումից խուսափելու անհնարինության մասին. «Այդ խոսակցությունը բացելու էմոցիոնալ անհնարինությունը նշանակում էր ՀՀ-ին և նրա ժողովրդին ասել, որ մենք 30 տարի ուղղակի ժամանակ էինք վատնել ու ռեսուրսներ ենք ծախսել մի խնդրի վրա, որն, ի սկզբանե, անլուծելի էր: Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի. պատճառներից մեկը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն էին...

...Իսկ ինչ է նշանակում ինքնորոշման իրավունք: Այդ տերմինը միջազգային հանրությունն է ստեղծել և 1996 թվականին միջազգային հանրությունը Լիսաբոնի գագաթնաժողովում մեզ ասել էր` ինքնորոշման իրավունքի ձեր բարձրագույն նշաձողը կարող է լինել ինքնավար կարգավիճակն Ադրբեջանի կազմում: Մեր մեղավորությունն այն է, որ այս թեմաներով քիչ-քիչ սկսել ենք խոսել միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո»:

Թարմացված․ «Մեր` իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պիտի լիներ այն, որ ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումը (Արցախը պահպանելու-խմբ.) անհնար է: Մենք մեղավոր ենք, որ սրա մասին չենք խոսել մեր ժողովրդի հետ: Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան և ռոմանտիզմն մի բան են, իրականությունն ու պրագմատիզմն` այլ բան: Բանակցային այն իրավիճակը, որ մենք ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն և այլն, այլև ԼՂ-ում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր: Առաջին անգամ այս մասին շատ զգույշ խոսել եմ Քննիչ հանձնաժողովում:

Կարող եմ ավելի ազատ խոսել, ցավոք` ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ես այն ժամանակ ասացի, որ թեկուզ ԼՂ-ի իշխանություններն այդ պահին լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, իրականում այդ գործընթացն անխուսափելի էր դարձել 2016 թ-ի օգոստոսի բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- Իջևանում հայտարարեց Փաշինյանը:

Թարմացված․ Իջևանում կայացած` ՔՊ նիստի ընթացքում ելույթ ունենալով` Փաշինյանը կրկնեց ԱԺ-ում հնչեցրած իր այն միտքը, թե ԼՂ հարցը որոշ ուժերի կողմից օգտագործվել է ՀՀ-ում պետության կառուցում թույլ չտալու համար: «Մեզ ասել են` գիդե՞ս ինչ, ճանապարհներ մի կառուցի, դպրոցներ մի կառուցի, մանկապարտեզներ մի կառուցի: Տո նույնիսկ բանակ մի կառուցի, ինչների՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, դուք ի՞նչ խնդիր ունեք: Մեր ամբողջ ռեսուրսը, որ պետք է դնեինք Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Արցախի Հանրապետություն ստեղծելու անլուծելու խնդրի վրա»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին