▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկարժեք հեռուստացույցի ոդիսականը. «Ռիչ» խանութի պատասխանը հուսահատ գնորդներին

Asekose.am-ը ներկայացրել էր Հովհաննես Կոշկակարյանի և նրա կնոջ` Մարգարիտ Մնացականյանի հեռուստացույց գնելու պատմությունը: Վերջիններիս խոսքերով` «Ռիչ» համակարգիչների և կենցաղային տեխնիկայի խանութի սրահից  գնված հեռուստացույցն ամիսներ  անց հենց խանութից  նվեր ստացած  հեղուկի միջոցով մաքրելուց  հետո  դադարել էր աշխատել: Ամուսինները ստիպված են եղել դիմել դատարան, սակայն ըստ վճռի` հեռուստացույցը չի ունեցել գործարանային որևէ թերություն և անսարքությունը ծագել է գնորդի կողմից այն օգտագործելու կամ պահպանելու կանոնները խախտելու պատճառով: Հեռուստացույցի գնորդները մինչ օրս  պնդում են, որ դատարանը կիրառել է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:

Asekose.am-ը ստորև առանց  խմբագրման ներկայացնում է  «Ռիչ» համակարգիչների և կենցաղային տեխնիկայի խանութի մեկնաբանությունը տվյալ դեպքի  առնչությամբ:

Չանդրադառնալով Հովհաննես Կոշկակարյանի կողմից Asekose.am-ի թղթակցին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցված, մեղմ ասած, իրականութանը չհամապատասխանող հայտարարություններին, փաստերի յուրովի մեկնաբանություններին, որոնցով Հովհաննես Կոշկակարյանը, հուսով եմ, ոչ թե նպատակ ուներ մոլորության մեջ գցել ընթերցողներին, այլ ընդամենը, երեւի թե, վերջինիս հիշողության կամ հոգեկան հուզմունքի հետեւանքն էին` կցանկանայի նշել հետեւյալը.

Նախ՝ նպատակ ունենալով գնորդների համար ստեղծել լավագույն եւ հարմարավետ սպասարկման պայմաններ, «Ռիչ Էլեքթրոնիքս» խանութ սրահներում ապրանքների վաճառքն իրականացվում է թե ́ ապառիկ, թե ́ կանխիկ գնման ձեւով, միաժամանակ ընկերությունը համագործակցում է բազմաթիվ բանկերի հետ, որոնք յուրաքանչյուրին առաջարկում են ապրանքների ապառիկ կարգով ձեռքբերման իրենց  պայմանները: Շնորհիվ դրա, «Ռիչ Էլեքթրոնիքս»-ը առաջարկում է տարբեր ակցիաներ, տարբեր պայմաններ եւ գնորդն ինքն է որոշում, թե որ տարբերակով ձեռք բերի ապրանքը:

2012 թվականի դեկտեմբեր ամսին Հովհաննես Կոշկակարյանին որպես այլընտրանք առաջարկվել էր ապրանքի գնման մի քանի տարբերակ, եւ հենց ինքն է որոշել, թե որ տարբերակով ձեռք բերի «Ռիչ Էլեքթրոնիքս» խանութ սրահից «TV SONY 24EX410» մոդելի հեռուստացույցը՝ ապառիկ 0% տոկոսադրույքով, թե 21.890 ՀՀ դրամ (այլ ոչ թե 26.000 ՀՀ դրամով, ինչպես ինքն էր պնդում) կանխավճարով սակայն 4% զեղչով եւ ստանալ նվեր: Այնպես որ վերջինիս պնդումը, թե իբր ընկերության գովազդը չէր համապատասխանում իրականությանը՝ առնվազն ոչ կոռեկտ է, քանի որ «Ռիչ Էլեքթրոնիքս»խանութ սրահում իրեն տվել են ապրանքի ձեռքբերման ձեւի ընտրության հնարավորություն, որից էլ նա օգտվել էր:

Նշեմ, որ ինչպես այդ հեռուստացույցի, այնպես Էլ այլ կենցաղային սարքերի, սարքավորումների եւ այլ տեխնիկայի հետ առկա են վերջիններիս շահագործման կանոններն ու օգտագործման պայմանները սահմանող համապատասխան ձեռնարկներ: Այսպես՝ նշված հեռուստացույցի ձեռնարկում սահմանված են վերջինիս օգտագործման, խնամքի, այդ թվում նաեւ մաքրման պայմանները: Այդ պայմանների համաձայն հեռուստացույցի էկրանը մաքրվում է մաքրող հեղուկով խոնավացված հատուկ փափուկ կտորով կամ անձեռոցիկով, միաժամանակ բացառելով հեղուկի ներթափանցումը հեռուստացույցից ներս՝ վերջինիս հանգույցների կամ մասերի վրա, այլ ոչ թե առատորեն ցողել էկրանը մաքրող հեղուկով: Ի դեպ, նշված ձեռնարկում առկա են անգամ նկարներ, որոնց վրա պատկերված են հեռուստացույցի էկրանի ճիշտ եւ սխալ տարբերակները: Մաքրման հենց այդ սխալ տարբերակն էլ կիրառվել է գնորդի կողմից:

Նշեմ նաեւ, որ հեռուստացույցի վերանորոգման աշխատանքների հետ միաժամանակ՝ սկսած հեռուստացույցի հետեւի կափարիչի ապամոնտաժման, վերջացրած հանգույցների ապամոնտաժման աշխատանքների ընթացքում, կատարվում էր դրանց լուսանկարահանում, որը նպատակ ուներ պատկերելու վերջիններիս սկզբնական տեսքը եւ վիճակը: Այդ իսկ պատճառով առնվազն զարմանք եւ տարակուսանք է առաջացնում Հ.Կոշկակարյանի կողմից յուրովի մեկնաբանված ՀՀ «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունը: Այսպես՝ վերջինում նշված է, որ դետալները ամրացնող հեղյուսների վրա առկա են քանդման ձգման հետքեր: Մ՞իթե տրամաբանական չէ, որ «Ռիչ Էլեքթրոնիքս»-ի սպասարկման կենտրոնում վերանորոգման աշխատանքների նպատակով ապամոնտաժված դետալների հեղյուսների վրա պետք է առաջանային քանդման ձգման հետքեր: Հակառակը՝ անտրամաբանական կլիներ,  եթե այդպիսի հետքեր չառաջանային:

Թեեւ «Ռիչ Էլեքթրոնիքս»-ի սպասարկման կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, սակայն մեր ընկերությունը իր հաշվին ներգրավեց այլ հայտնի ընկերությունների, ինչպես նաեւ անհատ մասնագետների` նպատակ ունենալով վերանորոգել այդ հեռուստացույցը: Պետք է ավելացնեմ, որ բոլոր այդ մասնագետներն էլ պնդում էին, որ հեռուստացույցի անսարքության պատճառ է հանդիսացել ոչ թե գործարանային թերությունը, այլ գնորդի կողմից վերջինիս ոչ պատշաճ ձեւով օգտագործելը: Ի դեպ,  մասնագետների այդ պնդումը հաստատվեց նաեւ ՀՀ «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ հեռուստացույցի անսարքության պատճառը միանշանակորեն եղել էր անփույթ օգտագործումը եւ «Ռիչ Էլեքթրոնիքս»-ը այս պարագայում որեւէ պարտավորություններ չի կրում, դրսեւորելով բարի կամք, գնորդին առաջարկվեցին կոմպրոմիսային տարբերակներ՝ կապված ոչ երաշխիքային վերանորոգման հետ: Սակայն վերջինս չհամաձայնվեց առաջարկված տարբերակներին:

Ի դեպ, իմ մոտ միշտ զարմանք են առաջացրել այն մարդիկ, որոնք, այսպես ասած, «սպառնում են դատարանով», երեւի թե չգիտակցելով, որ դատարանը ոչ թե ինչ որ հրեշ է, այլ արդարադատություն իրականացնող մարմին, իսկ դատարանով ոչ թե պետք է սպառնալ, այլ դիմել՝ խախտված իրավունքները  վերականգնելու նպատակով: Երեւի թե այդ մարդկանց թվին էր պատկանում նաեւ մեր այս գնորդը: Շուրջ մեկ տարի տեւած դատավարության արդյունքում, որի ընթացքում իրականացվեցին բազմաթիվ փորձաքննություններ, ապացուցվեց, որ Հ.Կոշկակարյանի կողմից վեց ամիս շահագործված հեռուստացույցը չի ունեցել գործարանային թերություններ, որոնք կարող էին հանգեցնել վերջինիս անսարքությանը: Ապացուցվեց նաեւ այն, որ հեռուստացույցի ներսային մասում` էլեկտրոնային կոմպոնենտների վրա, առկա են կոռոզիայի հետքեր:

Ինչեւիցե, փաստը մնում է փաստ, որ հեռուստացույցը արտադրողի կողմից տեխնիկական հրահանգով սահմանված շահագործման կամ պահպանման պահանջներին եւ կանոններին հետեւելու դեպքում նմանօրինակ կոռոզիայի հետքեր չէին կարող առաջանալ, ինչն էլ իր հերթին չէր հանգեցնի նշված հեռուստացույցի անսարքությանը: Հենց այս, ինչպես նաեւ այլ փաստերն էլ հաշվի էր առել դատարանը վճիռ կայացնելուց:

Ինձ մնում է միայն ափսոսանքս հայտնել Հ.Կոշկակարյանի կողմից Asekose.am-ի թղթակցին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցված դժգոհությունների վերաբերյալ: Վերջինս դժգոհում է, թե արտադրողից, անգամ եթե դա աշխարհի լավագույն էլեկտրոտեխնիկա արտադրող բրենդերից մեկն է, թե  մեր ընկերությունից, անուշադրության մատնելով այն հանգամանքը, որ ընկերությունը թեեւ պարտավոր չէր, սակայն կատարելով իր հաշվին ծախսեր, հրավիրելով այլ մասնագետներ եւ առաջարկելով կոմպռոմիսային տարբերակներ փորձում էր անել ամեն ինչ խնդրի լուծման համար, թե դատարանից՝ անտեսելով այն հանգամանքը, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, եւ վճիռը կայացնելիս հիմնվում է բացառապես օրենսդրությունից բխող պահանջների, այլ ոչ թե հայցվորի կամ պատասխանողի ցանկությունների ու տեսլականների վրա:

Վերջում ավելացնեմ, որ ժամանակակից կենցաղային տեխնիկա արտադրողները եւ, մասնավորապես, բրենդային հայտնի ընկերությունները, մինչ տվյալ ապրանքի սերիական արտադրանքը, իրականացնում են բազմաթիվ փորձարկումներ, թեսթեր եւ այլն, ինչը գրեթե բացառում է հետագայում գործարանային թերություն ունեցող արտադրանքի թողարկումը: Պարզապես, մինչ այս կամ այն տեխնիկան օգտագործելը ծանոթացեք դրա օգտագործման պահանջների հետ եւ հետեւեք շահագործման կանոններին, եւ դրանք դեռ երկար ժամանակ իրենց անխափան աշխատանքով կուրախացնեն ձեզ եւ ձեր ընտանիքի  անդամներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին