ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները):
Երկիր.am-ը զրուցել է նշված քաղաքացու հետ, ով վրդովված ներկայացրել է կատարվածը:
«Հերթագրվեցի, կտրոն քաշեցի, հերթս երեկոյան հասավ: Մոտեցա 8-րդ լուսամուտին, ասացին պետի մոտ պետք է մտնեք: Մտա, մի երիտասարդ կին էր (բաժնի պետ՝ Նատալի Կոստանդյան), բարևեցի, ասացի, որ ուզում եմ սոցիալական քարտ վերցնեմ: Բացեց անձնագիրս ու ստորագրությունս նայեց: Հիմի թե աչքովն ընկավ, թե հատուկ նայեց՝ չգիտեմ: Թե բա՝ էս խնդիր է: Ես անմիջապես հասկացա, որ իմ ստորագրությանս վրա կենտրոնացավ, քանի որ նրա վրա Մասիս սարն է: Ասի՝ կարող է՞ էս ապուշը բլթցրել է, որ Արարատը մերը չի, սրանք էլ ընդունել են: Վերջը, էդպիսի բաներ մտքովս անցավ, ու հարցրի, ասի՝ ներողություն, էդ ստորագրության էդ Մասիս սարը… Ասաց՝ հա, դե չի կարելի, գիտեք, հիմա սա խնդիր է, սա էս է, սա էն է, ասի՝ ի՞նչ անեմ, ասաց՝ չէ, չենք կարող, պիտի… Ասի՝ բա ես 40 տարի ես էս տիպի եմ ստորագրել, իմ դիպլոմի, զագսի, սեփականաշնորհման թղթերի մեջ, բոլոր տեղերում էսպես եմ ստորագրել: Ասաց՝ դա խնդիր է, պիտի ինչ-որ նոտարական գրասենյակով փոխես, մենք դրանով խնդրի առաջ կկանգնենք, և այլն, և այլն»,-պատմել է Սարո Լալայանը։